Home / Հայաստան / Սարգսյան֊Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական հայտարարությունն արեցին

Սարգսյան֊Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական հայտարարությունն արեցին

Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Հայաստանի և Ադրեբջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունն հիմնականում ընդհանուր արտահայտություններ է պարունակում։

Մասնավորապես, ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Պյեր Անդրիոն և ամերիկացի Ջեյմս Ուորլիքն ընդգծում են, որ նախագահները հնարավորություն են ունեցել առանձնազրույցի ժամանակ հստակեցնել իրենց դիրքորոշումները։

Համաձայն երեք համանախագահների, Սարգսյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները և հաստատել են, որ հավատարիմ են մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին։

Հայտարարության մեջ անդրադարձ կա վերջին օրերին սահմանին լարվածության մեծացմանը։

«Նախագահները քննարկել են բռնության վերջին դեպքերը և իրենց մտահոգությունն են հայտնել ծանր զինատեսակների կիրառման հետևանքով զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ։ Նախագահներն աջակցություն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության նվազեցմանը՝ այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմի կիրառմանը», ֊ նշել են համանախագահները:

Վերջիններս ընդգծում են, որ պատրաստակամ են շարունակել միջնորդների աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մամուլի ծառայությունները հանդիպման մասին մանրամասներ չեն տարածել։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը բանակցային գործընթացն առաջ մղելու մտադրություն չունի։

«Մի շարք հանդիպումներ շատ մոտ են եղել համաձայնության, սակայն Ադրբեջանը միշտ հետքայլ է արել։ 

Իրականում նաև այս հանդիպման ժամանակ կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման տարբեր տարրերի, տարբեր սկզբունքների շուրջ, որոնք իրենք ներկայացրել են: Եվ կարող ենք նորից վերահաստատել, որ ցավոք, կողմերի մոտեցումները մոտ չեն, կամ չեն համընկնում:

Բայց այստեղ ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում Հայաստանի մոտեցումներին։ Կարող ենք ասել նաև, որ Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում և չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին», ֊ մասնավորապես, ասել է Նալբանդյանը։ 

Նա կրկին նշել է, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա։