Home / Ապատեղեկատվություն / Նույնասեռ ամուսնությունների օրինականացում. 2016-ի լուր՝ ըստ Արթուր Մինասյանի

Նույնասեռ ամուսնությունների օրինականացում. 2016-ի լուր՝ ըստ Արթուր Մինասյանի

Ամանորին ընդարաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Մտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

Ազգային ժողովն այսօր ընդունեց Հայաստանում նույնասեռ ամուսնությունների օրինակացման մասին նախագիծը: Տևական բանավեճերից ու քննարկումներից հետո քվեարկության դրված նախագիծն ընդունվեց 75 կողմ, 13 դեմ և 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նոր օրենքը ԼԳԲՏԻ անձանց հնարավորություն է ընձեռում ամուսնությունը պաշտոնապես գրանցելու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում և այդպիսով հավասարապես օգվելու այն բոլոր հնարավորություններից, որոնք առկա են տարասեռական ընտանիքների համար:

ԼԳԲՏԻ անձինք այսուհետ նաև երեխա որդեգրելու հնարավորություն կունենան, ինչպես նաև կկարողանան աշխատել Զինված ուժերում՝ առանց թաքցնելու իրենց սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը: Օրենքը նաև թույլատրում է ԼԳԲՏԻ անձանց արյան դոնորությունը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում օրինագիծը շրջանառության մեջ էին դրել «Առաջադիմություն» իշխանական խմբակցության մի քանի պատգամավորներ, որոնք ավելի վաղ՝ մեկ տարի առաջ, ԱԺ-ում անցկացրեցին նաև մեկ այլ՝ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը: Հիշեցնենք նաև, որ մինչ օրինագծի շրջանառումը պատգամավորները հանրային հարցում էին պատվիրել սոցիոլոգիական կազմակերպություններից մեկին՝ հասարակական տրամադրությունները պարզելու նպատակով: Սոցհարցման արդյունքների համաձայն՝ հասարակության 68 տոկոսը կողմ է արտահայտվել նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը, 21տոկոսը՝ դեմ, 11 տոկոսը՝ չեզոք:

«Մի քանի տարի առաջ այս օրը՝ մայիսի 8-ին, Երևանում պայթեցվեց DIY ակումբը: Այսօր Ազգային ժողովի պատգամավորներն իրենց քվեարկությամբ հաստատեցին, որ խտրականությունը, ատելությունը, անհանդուրժողականությունն այլևս տեղ չունեն Հայաստանում: Սա պատմական օր է, և ես շնորհավորում եմ բոլորիս այս մեծագույն նվաճման կապակցությամբ»,- օրինագծի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետության վարչապետը:

Twitter-ի իր միկրոբլոգում Պաշտպանության նախարարը գրառում է զետեղել՝ ողջունելով օրենքի ընդունումն ու վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի Զինված ուժերի մարտունակության և ըստ այդմ երկրի պաշտպանունակության բարձրացմանը:

Առողջապահության նախարարն Epress.am-ի հետ զրույցում կարևորել է արյան դոնորության հարցում խտրականության վերացումը և նշել, որ նոր օրենքն ավելի առողջ հասարակություն ունենալու գրավականն է:

ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների դաշինքը օրենքի ընդունման կապակցությամբ կիրակի օրը Երևանում կանցկացնի տոնական գեյ շքերթ: Հատկանշական է, որ Հայ Առաքելական Եկեղեցու մամուլի դիվանը շարունակում է լռություն պահպանել և որևէ մեկնաբանություն չի հրապարակում: