Home / Ապատեղեկատվություն / «Օրվա հերոսը»՝ Epress.am-ում. 2016-ի լուր՝ ըստ Արմեն Հայաստանցու

«Օրվա հերոսը»՝ Epress.am-ում. 2016-ի լուր՝ ըստ Արմեն Հայաստանցու

Ամանորին ընդառաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէՄտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

Մեկնարկել է «Իպրես»-ի «Օրվա հերոս» ինտերակտիվ նախաձեռնությունը, որտեղ ամենօրյա ռեժիմով ՀՀ որևէ քաղաքացու օրինակելի արարք տասնհինգ րոպե շարունակ գլխավորում է կայքի լրահոսը։ Նախաձեռնության առաջին հերոսներն արդեն հայտնի են՝ կարդալ այստեղ։ Հերոսներն առաջադրվում են նախաձեռնությանը միացած լրագրողների կողմից։ Այն հարցին, թե արդյո՞ք գաղափարը թռցրած է Էնդի Ուորհոլի հանրահայտ «Փառքի 15 րոպե» գործից, արվեստագետ, «Իպրես»-ի խմբագրակազմի անդամ Տիգրան Խաչատրյանը պատասխանեց՝ «Իհարկե, բայց կա տարբերություն՝ ըստ Ուորհոլի՝ աստղ կարող է լինել ամեն մարդ, իսկ ըստ ՀՀ Սահմանադրության՝ ամեն մարդ չի կարող լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։ Խմբագիր Արմեն Մելիքբեկյանը հակադարձել է ֆեյսբուք սոցիալական ցանցում սկսված քննադատությանը՝ հիշեցնելով, որ «Հասարակական հնչեղություն կարող է ստանալ ՀՀ ցանկացած քաղաքացու ցանկացած հանրային արարք»։ Ընթերցումների թիվը ցույց տվեց, որ տեղեկատվական դաշտը նման լուրերի կարիք ավելի շատ ունի, քան մարդու անձնական կյանքին առնչվող ասեկոսեների ու բամբասանքների, որ առատորեն տարածում են իշխանական լրատվամիջոցները։ Հավելենք, որ ֆեյսբուքյան բանավեճը ծավալվում էր օգտատերերից մեկի հետևյալ գրառման տակ. «էս նախաձեռնությունից սովետի գեշ պրոպագանդայի հոտ ա գալիս, կեցցե ընկերեր, խրախուսում ենք լավը, պախարակում ենք վատը, լրատվամիջոցն ի՞նչ կապ ունի, որ մարդու արարքին գնահատական տա, եկեղեցի՞ ա, թե դատարան, յախք արա, հիասթափվեցի Իպրեսից»։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը սկիզբ է առել «Ամանորյա լուրեր»-ի շարքում հրապարակված, գրող Արմեն Հայաստանցու լուր-նամակից.

«Իպրես» ջան, ինձնից լրագրող դուրս չի գա, ուզում էի Սերժի մահն ավետեի, էն էլ հասկացա, որ ուզածս իր մահը չի, այլ քաղաքական դիակի վերածվելը, ու «լուրս» չար պառավի անեծք կլինի՝ թուլության նշան։  Հետո մտածեցի մի ուտոպիական բան գրեմ՝ «Առաջին հայկական տիեզերանավը հասավ լուսին» շարքից, բայց հիմքում էս երկու լուրը՝ «Սերժը մեռավ» ու «Մենք հասանք լուսին», հավասարապես անպատասխանատու հայտարարություն են, որովհետեւ ինձնից կախված չեն, իմ հետ կապ չունեն, քայլիս արդյունքը չեն։ Ուրեմն, ուզեցի գրեմ, որ Արմեն Հայաստանցու «Մայրենիք» եռագրության շնորհանդեսը տեղի ունեցավ երևանյան ակումբներից մեկում, բայց էդ էլ ահավոր մեծամիտ ու անհամեստ թվաց։ Վերջը, լուրի փոխարեն, իդեալական լուրի կաղապար ծնվեց, որ արժի հրապարակել։ Քառորդ դար մենք աշխարհին գրեթե ոչինչ չենք տվել, բացի մունաթից, սպառել ենք բնական ու գերբնական բոլոր պաշարները, սպառել ենք պարտքի դիմաց, որ վերցրել ենք առանց պարտքի զգացողության՝ անպատասխանատու, անպարտաճանաչ, քմահաճ երեխայի պես։ Քառորդ դարը լիուլի բավարար էր ազգային պետությունը ոտքի հանելու համար։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության իրավագիտակից քաղաքացիներս, չունենք արդարացում, մենք դատապարտված ենք լինել ինքներս մեզանից ավելի լավը՝ ավելի հոգատար, ավելի հասկացող, ավելի ջանասեր, ավելի համարձակ, ավելի ստեղծարար ու էդպես շարունակ։ Ուրեմն լուրը, որ ուզում եմ Իպրեսի ամեն ընթերցող կարդա՝ իր անունն ու ազգանունն են վերնագրում զետեղված՝ իբրև օրվա հերոսի։  Թող էս տողերը կարդացող ամեն մարդ մի պահ մտածի՝ ինչ պիտի անի, որ իր անուն ազգանունը հայտնվի «Իպրես»-ի նման անկաշառ ու անկախ լրատվամիջոցի լրատվական հոսքում՝ իբրև դրական արարքի հեղինակի։