Home / Տեսանյութեր / Զառա Հովհաննիսյանը կարծում է՝ սոցցանցում իրեն սպառնացողին ուղղորդում են

Զառա Հովհաննիսյանը կարծում է՝ սոցցանցում իրեն սպառնացողին ուղղորդում են

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ իր և ընտանիքի անդամների հասցեին Facebook սոցիալական ցանցում սպառնալիքներ հնչեցրած 22֊ամյա Անդրանիկ Ավետիսյանին սատարում և ուղղորդում են։

Երիտասարդը, ով սոցցանցում գրանցված է որպես Andre Makarov օգտատեր, հունվարի 4-ին անձնական նամակում, մասնավորապես, գրել էր Հովհաննիսյանին․ «…Ու տնից դուր[ս] գալուց կողքերտ նայի, զգուշ էղի ես երկու օրը, չսպանեն հանկարծ երեխուտ հետ»։

Հրապարակախոսն այդ մասին բարձրաձայնել էր սոցցանցի իր էջում, դիմել էր ոստիկանություն, դեպքի մասին մամուլում հոդվածներ էին հրապարակվել, որից հետո Անդրանիկ Ավետիսյանի մայրը հորդորել է վերջինիս ինքնակամ ոստիկանություն ներկայանալ, ինչն էլ երիտասարդն արել է։

Հովհաննիսյանը, սակայն, Epress.am֊ի հետ զրույցում ենթադրել է, որ Ավետիսյանը միայնակ չի գործում։

«Ո՞վ է նրան սնուցում, ո՞վ է ատելության խոսք մտցնում նրա ուղեղը, ո՞վ է նրա վրա աշխատում, դա է խնդիրը. քննչականում ես նրան կհարցնեմ։ Ռոբերտ Ահարոնյան  ֊ Գալաջյանական շքախումբը նրան լավ սատարում է, իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվում են նրա դրածներով», – ասել է Հովհաննիսյանը:

Որպես իր խոսքերի ապացույց հրապարակախոսը նշել է, որ Andre Makarov անունով օգտատիրոջ ֆեյսբուքյան պատին դրվածների, գրածների և հենց իր ինտելեկտի անհամապատասխանություն կա։

«Շատ լավ ռուսերենով, մաքուր հայերենով գրված քաղաքական տեքստեր կան, իսկ ինքն անձնական նամակները ահավոր սխալներով է գրում, և ինտելեկտի զրո վիճակ է նրա մոտ», ֊ ասել է մեր զրուցակիցը:

Հովհաննիսյանը հավելել է, որ այդ երիտասարդն ատելությամբ է տրամադրված բոլոր ընդդիմադիր անձանց նկատմամբ:

Նշենք, որ Andre Makarov֊ը Հովհաննիսյանի վրա սոցցանցում հարձակումները սկսել է այն բանից հետո, երբ կինը հունվարի 3-ին ֆեյսբուքյան իր էջում ձերբակալված Գևորգ Սաֆարյանի նկարով վերնաշապիկի լուսանկար էր հրապարակել՝ ի պաշտպանություն վերջինի: Օգտատերը «Ֆոտոշոփով» փոխել է նկարը և Գևորգ Սաֆարյանի անվան փոխարեն գրել է «Սաֆարօղլի»: Հովհաննիսյանը հրապարակել է փոփոխված լուսանկարը՝ զգուշացնելով Andre Makarov օգտատիրոջը, որպեսզի վերջինս նման բաներ չանի: Դրան էլ հաջորդել է անձնական նամակագրության ընթացքում արված սպառնալիքը: