Home / Հայաստան / «Ուլիս» ֆուտբոլային թիմի ներկայացուցիչները ձերբակալվել են խաղադրույքների գործի շրջանակում

«Ուլիս» ֆուտբոլային թիմի ներկայացուցիչները ձերբակալվել են խաղադրույքների գործի շրջանակում

ԱԱԾ֊ն ձերբակալել է երևանյան «Ուլիս» ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանին, թիմի ադմինիստրատոր Արա Ազարյանին, մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին և թիմի ֆուտբոլիստ Հայկ Հունանյանին: Համաձայն ԱԱԾ հաղորդագրության, 2015 թվականի նոյեմբերին վերոնշյալ անձինք հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է նրանց և առաձին ֆուտբոլիստների միջև:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով (Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը):

Նշենք, որ, համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի, խաղադրույքների խնդիրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռևս նոյեմբերին քննարկել էլ հայաստանյան ակումբների ղեկավարների հետ։ Նոյեմբերի 2-ին տարածած ՀՖՖ֊ի պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված էր․ «ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլի պատասխանատուների հետ քննարկեց նաև միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության  կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրները, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ: ՀՖՖ նախագահն ակումբների ղեկավարներին ներկայացրեց խնդրի որոշ հանգամանքներ, խոսեց կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին, ինչպես նաև հորդորեց լինել զգոն և կենտրոնացնել ուժերը համատեղ պայքարելու 21-րդ դարի ֆուտբոլային այս չարիքի դեմ»։