Home / Ապատեղեկատվություն / Ադրբեջանը ճանաչեց ԼՂՀ-ն, Եկեղեցին շրջանցեց «Գազպրոմ»-ին․ 2016-ի լուրեր՝ ըստ Հովհաննես Իշխանյանի

Ադրբեջանը ճանաչեց ԼՂՀ-ն, Եկեղեցին շրջանցեց «Գազպրոմ»-ին․ 2016-ի լուրեր՝ ըստ Հովհաննես Իշխանյանի

Ամանորին ընդառաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Մտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

Առաքելական եկեղեցին շրջանցեց «Գազպրոմ»-ին. 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2016թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը:

Ամենաշատն այս տարի պետբյուջե հարկ է վճարել Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությունը` 33 մլրդ 301 մլն 171 հազար դրամ:

ՀԱ եկեղեցին` հարկային արտոնություններից զրկվելու առաջին իսկ տարում շրջանցեց վերջին տարիներին ամենաշատը հարկ վճարած` Հայաստանում գազ մատակարարող և իրացնող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին (նախկինում` «ՀայՌուսգազարդ»), որն այս տարի 2-րդ տեղում է և բյուջե է վճարել 33 մլրդ 300 մլն 451 հազար դրամ:

Epress.am-ի հետ զրույցում Կոմիտաս Վարդապետ Հարկանյանն ասաց, որ ամեն ինչ օրինաչափ է, զարմանալու առիթ չկա.

«Հոտը նախընտրում է ջերմությունը եկեղեցու պատերի ներքո ստանալ, այլ ոչ թե անհայտ ծագման գազերից: Մարդն ի վիճակի է 100 դրամով մոմ գնել և աղոթել, որպեսզի երկնային արքայությունը տաքություն սփռի իր հոգուն և ոչ թե հնարովի չափման միավորի (խորանարդ մետր, խմբ) համար 156 դրամ տալ` երկրային ուժերից մարմինը տաքացնելու պատրվակով»,- ասաց Հարկանյանը և, հեգնելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ավելացրեց. «Անգնահատելի է Հայ առաքելական եկեղեցու դերը բյուջեի աճի գործում»:

2015թ. սահմանադրության բարեփոխումների քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովն առաջարկել էր հատուկ կերպով ընգծել ՀԱԵ-ի դերը` ասելով. «Մեր երկրում պետք է ճանաչվի Հայ առաքելական եկեղեցու անգնահատելի դերը հայապահպանության գործում»: Սակայն 2016թ. ՀԱԵ-ին հարկային արտոնություններից զրկելու ջատագովներից էր նաև ԱԺ փոխնախագահը:

Ադրբեջանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի կառավարությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ արտահայտել է Հայաստանի հետ ընկերական հարաբերություններ ստեղծելու կարևորությունը.

«Մենք թշնամիներ չենք, այլ` ընկերներ: Մենք չպետք է թշնամիներ լինենք: Թեև կրքերը բորբոքվել էին, բայց դա չպետք է մեր մտերմությանը խոչընդոտ լինի: Մենք կարիք ունենք հարթելու մեր երկրների միջև խրամատացած սահմանագիծն ու չավելացնելու օջախներում զինվորական գերեզմանների հիշողությունները: Հայաստանի ու Ադրբեջանի միությունը աշխարհի առջև կբացի խաղաղության հասնելու բարի և ամուր կամքի էությունը»,- ասել է Ալիևը` կոչ անելով մյուս պետություններին ևս ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Ավելի վաղ Միլի Մեջլիսը բանաձև էր ընդունել, որով կառավարությանը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու բացել ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանները, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել հայկական երկու երկրների հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում ողջունել է ադրբեջանական կողմի որոշումը` գրելով. «Անչափ ուրախ եմ, որ սա (ԼՂՀ անկախության ճանաչումը, խմբ.) տեղի ունեցավ իմ միջնորդության օրոք: Մինսկի խմբի առաքելությունը մոտենում է ավարտին»:

Ադրբեջանի «Մեկ աշխարհ, շատ երկրներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին Ղարաբաղի անկախության ճանաչումը դավաճանություն է որակել.

«Ալիևի ռեժիմը դավաճանեց ոչ միայն մեզ` Ադրբեջանի ժողովրդին, այլև մեր հարևան Վրաստանին: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի իրավիճակի դեպքում այսպիսի որոշում կայացնելը թիկունքից հարված էր բարեկամական երկրին»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է Վրաստանը ևս ճանաչել ԼՂՀ անկախությունը, Սահակաշվիլին պատասխանել է. «Վրաստանը Ռուսաստանի մունետիկներն են կառավարում»:

Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը ճանաչած 190-րդ երկիրն է: ՄԱԿ-ի անդամ երկրներից Ղարաբաղի անկախությունը դեռևս չեն ճանաչել Պակիստանը, Ֆիջին և Հայաստանը: