Home / Հայաստան / Ադրբեջանի քաղաքներում բողոքի ալիք է սկսվել

Ադրբեջանի քաղաքներում բողոքի ալիք է սկսվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 90 կմ հեռավորության վրա գտնվող Սիազան քաղաքում սոցիալական պահանջներով հունվարի 12֊ին սկսված բողոքի ակցիաները հանգեցրել են բախումների ոստիկանների հետ։ Նախօրեի երեկոյան իրավապահներն սկսել են ձերբակալել ցուցարարներին, իսկ հունվարի 13֊ի առավոտյան հարյուրավոր մարդիկ հավաքվել են ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել նրանց։ Ոստիկանությունը բողոքողների դեմ արցունքաբեր գազ ու ռատինե փամփուշտներ է կիրառել․ քաղաք ՆԳՆ հատուկ ջոկատներ են մտցվել։

Ցույցերի ու ձերբակալությունների մասին տեղեկությունը Turan գործակալությանը հաստատել են ոստիկանության տեղի բաժանմունքում։ Աղբյուրի համաձայն, իրավապահներն ակցիան ցրել են, քանի որ այն համաձայնեցված չէր քաղաքային իշխանությունների հետ։ Ցույցերը կանխարգելելու ուղղությամբ ուժային միջոցառումները շարունակվում են։

Հունվարի 12֊ին գնաճի դեմ նմանատիպ ակցիաներ անցկացվել են նաև Ադրբեջանի երեք այլ շրջաններում՝ Լենքորանում, Ֆիզուլիում և Աղջաբեդիում։ Լենքորանի Լիման քաղաքում տեղի ունեցած ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել տեղացի երկու ընդդիմադիր ակտիվիստ։ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Նազիմ Հասանլին բերման է ենթարկվել ոստիկանների կողմից ու տարվել անհայտ ուղղությամբ։ Բերման ընթարկված երկրորդ ակտիվիստը «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Իման Ալիևն է։

Contact.az֊ի փոխանցմամբ, երկրի կառավարությունն ու ուժային կառույցներն իրավիճակը որևէ կերպ չեն մեկնաբանում։

Հունվարի 12֊ին շուրջ 200 մարդ փակել է Աստարա֊Բաքու ճանապարհը՝ բողոքելով մանաթի երկրորդ արժեզրկման հետևանքով գրանցված գնաճի դեմ։ Ճանապարհը բացվել է միայն ցուցարարների ու տեղական իշխանությունների միջև բանակցություններից հետո։

Լենքորանի գործադիր իշխանությունը հայտարարել է, որ ակցիայի պատճառը բնակչության դժգոհությունն էր պլաստիկ քարտերի միջոցով ալկոհոլի գնման նոր կանոնների կապակցությամբ։ Այսօր տվյալ որոշումը չեղյալ է հայտարարվել, սակայն մարդիկ շարունակում են սոցիալական պահանջներով բողոքի ցույցերը երկրի տարբեր շրջաններում։