Գլխավոր / Հայաստան / ԿԸՀ նախագահին պատմել են չստացած աշխատավարձի և տեղամասում ապօրինությունների մասին

ԿԸՀ նախագահին պատմել են չստացած աշխատավարձի և տեղամասում ապօրինությունների մասին

4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ալիտա Սարդարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպման ժամանակ պատմել է տեղամասում տեղի ունեցած կեղծիքների մասին և պահանջել իրեն հասանելիք աշխատավարձը։ Այս մասին Սարդարյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում։ Կնոջն աշխատավարձը չէին վճարել՝ պահանջելով ստորագրել հանձնաժողովի արձանագրությունների տակ, ինչից վերջինս հրաժարվել էր՝ պնդելով, որ դրանք կեղծ են։

Նրա խոսքով՝ Մուկուչյանը տեղյակ չի եղել ընտրատեղամասում տեղի ունեցածի որոշ մանրամասներից։

«Նա չգիտեր, որ օրինական ու ճիշտ թվերով թուղթը գտնվում է պարկի մեջ։ Ես իր աշխատակիցներից մի քանի անգամ ասել եմ, որ արձանագրության 3 թղթերն ինձ մոտ են, բայց, երբ ցույց տվեցի, արձանագրության 3 թղթերը՝ ապշեց։ Ես էլ ասացի՝ բա էսքանից հետո, ինչի՞ տակ ստորագրեի։ Նա նաև տեղյակ չէր, որ հանձնաժողովի նախագահը 50 րոպե բացակայելուց հետո վերադարձել ա տեղամաս ու դրանից հետո են սկսվել հանցագործությունները»։

Մուկուչյանն ասել է, որ ինքը տեղյակ է, թե գործը քննում է Հատուկ քննչական կոմիտեն և համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի նախագահը կպատժվի․ «Ինձ առաջարկեց, որ ավելի մանրամասն մի դիմում գրեմ և հանձնեմ իրենց, որից հետո այն կդնեն նիստի և գումարն անպայման կստանամ»։