Home / Տեսանյութեր / Մերժված միջնորդություններ․ դատավորը չհավատաց, թե Պերմյակովը կաշկանդվում է ռազմաբազայում

Մերժված միջնորդություններ․ դատավորը չհավատաց, թե Պերմյակովը կաշկանդվում է ռազմաբազայում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստերը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից քաղաքում գտնվող դատարանի շենք տեղափոխելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությամբ դատարանին դիմել էին Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաններ Երեմ Սարգսյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և իրավահաջորդների ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Ռազմաբազայում դատական նիստերի անցկանցման խնդիրն այսօրվա նիստի մեկնարկին բարձրացրել է Սաքունցը։ Նա նշել է, որ ռազմաբազայում պատշաճ պայմաններ չեն ապահովվում ինչպես պաշտպանների աշխատանքի, այնպես էլ նիստի մասնակիցների և Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի համար։

Իրավապաշտպանն իր խոսքում շեշտել է, որ Պերմյակովը հնարավորություն չունի պատշաճ խորհրդակցել իր պաշտպանների հետ և կաշկանդվում է ռազմաբազայի տարածքում իրականությանը համապատասխանող ցուցմունքներ տալուց․ «Վալերի Պերմյակովը ձեռնաշղթաներով մեկուսացված է ապակե վանդակում և զրկված է իր դատապաշտպանների հետ հանգիստ հաղորդակցվելու հնարավորությունից։ Նման պայմաններում անբաստանյալին պահելը Եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է։ Մեզ լսելի չեն ոչ միայն Պերմյակովի խոսքերը, այլ նաև թարգմանչի խոսքերը։ Մենք չենք կարող տեսնել Պերմյակովի դեմքը և միմիկաներ՝ նրա պատասխանների ժամանակ հնարավոր հոգեբանական վիճակը հասկանալու համար»։

Այս ամենը հաշվի առնելով՝ Սաքունցը միջնորդել է դատական նիստը ռազմաբազայից Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան տեղափոխել։ Միջնորդությանը միացել են նաև Ավետիսյանների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները։

Վալերի Պերմյակովը հայտարարել է, որ իր համար որևէ տարբերություն չկա, թե որտեղ կանցկացվի դատական նիստը։ 30 րոպե խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավոր Հարություն Մովսեսյանը վերադարձել է դահլիճ և մերժել է միջնորդությունը։

Ընդմիջումից հետո Վալերի Պերմյակովը կրկին անդրադարձել է միջնորդությանը՝ այս անգամ նշելով, ոչ իր համար ռազմաբազայում ավելի հանգիստ կլինի։

Դատավորի որոշումից հետո Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ պատճառաբանելով, որ դատավորը ակնհայտորեն կաշկանդված է գործում և չի կարող արդար դատավճիռ կայացնել։

Դատավորին բացարկ հայտնելու մասին տուժողների պաշտպանների միջնորդությանը չի առարկել նաև Վալերի Պերմյակովը:

Դատավոր Հարություն Մովսեսյանը մեկ ժամ ընդմիջում է հայտարարել և կրկին հեռացել խորհրդակցական սենյակ։ Այնտեղ նա, սակայն, մոտ 2 ժամ է անցկացրել, իսկ վերադառնալուց հետո կրկին մերժել միջնորդությունը: Մովսեսյանը նշել է, որ դատավորը ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ գտնվում է այնպիսի պայմաններում, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ արդար դատավճիռ կայացնելու համար, իսկ այս դեպքում, ըստ նրա, նման պայմանները բացակայում են:

Ավետիսյանների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 22-ին, ժամը 12.00-ին։