Home / Հայաստան / Եվս 2 մահվան դեպք խոզի գրիպից. Ուրբաթ կորոշվի՝ արդյոք արձակուրդները կրկին կերկարացնեն

Եվս 2 մահվան դեպք խոզի գրիպից. Ուրբաթ կորոշվի՝ արդյոք արձակուրդները կրկին կերկարացնեն

Վերջին 2 օրում Հայաստանում H1N1 վարակից (խոզի գրիպ) ևս 2 մարդ է մահացել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Խոզի գրիպից մահացության դեպքերը, այսպիսով, հասել են 18–ի, որոնցից 3-ը՝ 2015-ի վերջին, իսկ 15֊ը՝ հունվարին։

Չնայած մահացությունների թվին, նախարարը հավաստիացրել է, որ հանրապետությունում իրավիճակը բարելավվում է և գրիպից ապաքինվածների 99 տոկոսն առանց որևէ առողջական խնդրի դուրս է գրվում հիվանդանոցներից։ Նա նշել է, որ վերջին օրերին նվազել են սուր շնչառական հիվանդացությունների հետ կապված շտապօգնության կանչերը․ «Այսօր հիվանդանոցներում 7 թոքաբորբով հիվանդ կա, 124 հղիներից 94-ն են մնացել հսկողության ներքո, երեխաների թիվը 1066-ից հասել է 890-ի»:

Արմեն Մուրադյանը նաև նշել է, որ ուրբաթ որոշում կկայացվի՝ արդյոք հարկ կա դպրոցներում ու մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կրկին հետաձգել։ Նշենք, որ հանրակրթական հաստատություններում արձակուրդն արդեն իսկ հետաձգվել է երկու շաբաթով։

Առողջապահության նախարարը պնդել է նաև, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները` թե հիվանդանոցային, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ապահովված են «Տամիֆլյու» հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ․ «Չկա որևէ հիվանդ, որ դեղի կարիք է ունեցել և չի ստացել»։