Home / Տեսանյութեր / Գեղանուշցիները պահանջում են փոխհատուցել պոչամբարի հետևանքով հասցված վնասները

Գեղանուշցիները պահանջում են փոխհատուցել պոչամբարի հետևանքով հասցված վնասները

Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի բնակիչները պահանջում են փոխհատուցել իրենց բնակավայրի մոտ կառուցված «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ընկերության կողմից գործարկվող պոչամբարի հետևանքով բնակիչներին հասցրած վնասը։ Այս մասին տեղեկացնում է «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հ/կ-ն։ Կազմակերպության փոխանցմամբ՝ գյուղացիները հավաստիացնում են, որ պոչամբարի պատճառով գյուղի բնակիչների կեսից ավելին ունեն լուրջ առողջական խնդիրներ։

«Գյուղի ներքևի բոլոր տների բնակիչները մահացել են ուռուցքով։ Երեխաները հիվանդ են ծնվում ու ծննդատնից միանգամից տեղափոխում են մանկական հիվանդանոց»,- ասում է գյուղի բնակիչ Ամալյա Մարտիրոսյանը։

Գյուղի բժիշկ Սարիկ Աթաջյանը նշում է, որ մեծացել են հատկապես չարորակ ուռուցքի դեպքերը․ «Այսօր տարածված է դարձել նաև ոսկրային օստիոպարոզ հիվանդությունը, որը կապված է կալցիումի պակասի հետ, իսկ դրա պատճառը ծանր մետաղներն են»։

38-ամյա Խորեն Մկրտչյանը, ով ժամանակին զբաղվել է անասնաբուծությամբ և մեղվապահությամբ, այսօր ոչ անասուններ ունի, ոչ էլ մեղուներ․ «6 մայր խոզ էի գնել, երբ ծննդաբերում էին բոլոր ձագերը կույր էին ծնվում ու չէին կարողանում շարժվել։ Հավեր էլ ունի, բայց հիմա բոլորը վերացել են։ Մեկ ամսվա ընթացքում վերացան նաև մոտ 1 միլիոն 600 հազար մեղու»։

Գյուղացիները նշում են, որ հողագործությամբ նույնպես չեն կարողանում զբաղվել, որովհետև հողը թունավորված է և ծառերը պտուղ չեն տալիս։ Այս բոլոր կորուստների համար մինչև այսօր գյուղացիները ոչ մի փոխհատուցում չեն ստացել։

«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքում այս խնդիրների վերաբերյալ իրականացվել է ստորագրահավաք՝ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցված վնասները և բաց թողնված օգուտները վերականգնելու նպատակով։

Ստորագրահավաքին մասնակցել են համայնքում գրանցված է 249 ընտրողից 184-ը։ Ստորագրահավաքի արդյունքում այսօր ժամը 15:00-ին «Դանդի Փրիշըս Մեթալս Կապան» ՓԲԸ ներկայացուցիչները Գեղանուշ համայնքում հանդիպելու են համայնքի բնակիչներին և քննարկելու են բնակիչների կողմից բարձրացված խնդիրները: