Home / Հայաստան / Ազատ են արձակվել «հանցավոր խմբի» գործով ձերբակալված 5 անձինք

Ազատ են արձակվել «հանցավոր խմբի» գործով ձերբակալված 5 անձինք

Այսօր ազատ են արձակվել Նորք-Մարաշում 2015 թվականի նոյեմբերի 25-ին զինված խմբի գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները, Նելլի Մինասյանը և Սրբուհի Այվազյանը: Նրանց նկատմամաբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Վերոնշյալ անձանց դեպքում Նախաքննական մարմինը չի դիմել դատարանին կալանքը երկարաձգելու միջնորդությամբ:

Еpress.am-ի հետ զրույցում Նելլի Մինասյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ այնուհանդերձ առաջադրված մեղադրանքները չեն փոխվել: Վերոնշյալ անձինք մեղադրվում են հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի զենք պահելու մեջ:

Փաստաբանի խոսքով՝ նույն գործով կալանավորված իր մյուս երկու  պաշտպանյալների՝  Մարինե Կաթանյանի և Ասյա Մկրտչյանի դեպքում՝ նախաքննական մարմինը դատարանին միջնորդել է երկու ամսով երկարացնել կալանքի ժամկետը և դատարանը բավարարել է միջնորդությունը:

Hraparak.am-ի հաղորդմամբ՝ Հայկ և Հրանտ Վարդանյանների, ինչպես նաև խմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը չի կարողացել մեկնաբանել, թե ինչու են սույն գործով ազատազրկվածներից ոմանց ազատ արձակում, իսկ ոմանց կալանքի ժամկետը երկարաձգում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։  Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։ Գործի շրջանակներում ձերբակալվել էր մոտ 30 մարդ: