Home / Հայաստան / «Գռփում են հանուն հայրենիքի»․ Սամվել Ալեքսանյանը «խորհուրդ է տալիս» ալյուր չներկրել․ «ՀԺ»

«Գռփում են հանուն հայրենիքի»․ Սամվել Ալեքսանյանը «խորհուրդ է տալիս» ալյուր չներկրել․ «ՀԺ»

Անցած շաբաթ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։ Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել է գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Այս մասին «Նրանք գռփում են հանուն հայրենիքի» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Ալեքսանյանը միանգամից նշել է, որ այդ «խորհուրդը» տալիս է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կատարում է երկրի բարձր իշխանության պահանջով։ Նա մանրամասն բացատրել է, թե ինչու այլևս պետք չէ ալյուր բերել այլ երկրներից։ Ըստ Ալեքսանյանի, խնդիրն այն է, որ, մասնավորապես, Ռուսաստանում ալյուրի գինը կտրուկ նվազել է, և ռուսական ալյուրը Հայաստան բերելու պարագայում տեղական արտադրության ալյուրը չի կարող մրցակցել դրա հետ։ Իսկ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն և այլն, և այլն։ Այլ խոսքով, Ռուսաստանից էժան ալյուր բերելու արգելքը մտցվում է հանուն ազգի, հայրենիքի, երկրի անվտանգության», ֊ գրում է թերթը։

«ՀԺ»֊ն ընդգծում է, որ Հայաստանում ալյուրի հիմնական արտադրողը Բաղրամյանի ալյուրի գործարանն է, որը ուղղակի կամ միջնորդավորված պատկանում է հենց Ալեքսանյանին։ Այսինքն, Ռուսաստանից Էժան ալյուր ներկրելը ուղղակի հարվածում է հատկապես հենց Ալեքսանյանին։

«Ռուսաստանի Կրասնոդարի մարզում մեկ կիլոգրամ բարձր տեսակի ալյուրի մեծածախ գինը 19 ռուբլի է: 19 ռուբլին 115 դրամն է։ Դրան ավելացնում ենք ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը, ստանում ենք 137 դրամ։ Դրան ավելացնում ենք նաև Կրասնոդարից Հայաստան հասցնելու գինը, ներհայաստանյան տեղափոխումների, պահեստավորման և այլ լոգիստիկ ծախսերը և վերջում՝ ներկրողի եկամուտը, ու ստանում ենք 180-190 դրամ։ Սա Հայաստանում Կրասնոդարի մարզից բերված մեկ կիլոգրամ ալյուրի օբյեկտիվ գինն է, եթե լինեին դրա ներկրման ազատ, մրցակցային պայմաններ։ Այս պահին Հայաստանում մեկ կիլոգրամ ալյուրն արժե 240 դրամ։ Հենց այս գնով են ալյուրը ձեռք բերում հացի արտադրամասերը։ Տարբերությանը ՝ 60-70 դրամ է, կամ մոտ 25 տոկոս։

Ըստ պաշտոնական վիճակագրության, տարվա ընթացքում Հայաստանում թխվում է մոտավորապես 290 միլիոն տոննա հաց։ Իսկ ինչպես պարզեցինք վերևում, միայն հացի արտադրության համար օգտագործվող ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամի մեջ մեր «ալյուրի արքաները» չհիմնավորված 60-70 դրամ են «վաստակում»։ Տեխնոլոգիական պահանջներով մեկ կիլոգրամ հաց ստանալու համար ծախսվում է 700 գրամ ալյուր։ Այսինքն հացի գնի մեջ 70 տոկոսը հենց ալյուրն է:

25 տոկոսով ավելի էժան ալյուր գնելու դեպքում հացի արտադրամասերը կարող են 17-18 տոկոսով Էժանացնել հացի գինը։ Այլ խոսքով, պարզագույն թվաբանական գործողություն անելով կստանանք, որ մեկ տարվա ընթացքում միայն հացի արտադրամասերին ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամը 60-70 դրամով թանկ վաճառելու շնորհիվ «ալյուրի արքաները» գռփում են մոտ 20 միլիարդ դրամ կամ մոտ 40 միլիոն դոլար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ալյուր են օգտագործում նաև հրուշակեղենի, մակարոնեղենի արտադրաթյամբ զբաղվող տնտեսվարողները և նաև տնային տնտեսուհիները, ապա գռփված գումարը կկազմի տարեկան մոտ 60-65 միլիոն դոլար։ Գռփել ու գռփելու են. իհարկե, հանուն ազգի, հանուն հայրենիքի, հանուն երկրի անվտանգության…», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում