Home / Հայաստան / ԵԽԽՎ֊ում ընդունված բանաձևը կոչ է անում չօգտագործել Սարսանգի ջրամբարն ադրբեջանցիների դեմ

ԵԽԽՎ֊ում ընդունված բանաձևը կոչ է անում չօգտագործել Սարսանգի ջրամբարն ադրբեջանցիների դեմ

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևի նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր, 40-ը ձեռնպահ են մնացել։

Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարում 20 տարի է աշխատանքներ չեն իրականացվել և այդ փաստը «վտանգ է հանդիսանում ողջ սահմանային տարածաշրջանի համար»՝ զրկելով ջրից Ադրբեջանի բնակչությանը, ինչը կարող է հումանիտար աղետի բերել։

Ինչպես ընդգծում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, ներկայացված բանաձևում Մարկովիչը նաև նշում է, որ ջրմաբարը տեղակայված է «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքում» և կոչ է անում հայկական կողմից «անմիջապես դուրս բերել զորքերը նշված տարածաշրջանից»։

Ընդունված բանաձևով ԵԽԽՎ֊ն հայկական կողմից կոչ է անում դադարել օգտագործել ջրային ռեսուրսները որպես «քաղաքական ազդեցության կամ ճնշման գործիք»՝ ընդգծելով, որ ջրի նման օգտագործումն օգուտ է բերում միմիայն հակամարտության կողմերից մեկին։

ԵԽԽՎ պատգամավորները նաև բոլոր կողմերին կոչ են անում համագործակցել Սարսանգի ջրմաբարի ջրերը համատեղ օգտագործելու հարցում։

Վեհաժողովի պատգամավորներն այսօր կայացած մեկ այլ քվեարկությամբ մերժել են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևի նախագիծը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը քվեարկություններից հետո հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Բանաձևերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը և անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաև լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները:

Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձևը:

Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձևին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսևորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն»։

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, անդրադառնալով Սարսանգի ջրմաբարի խնդրին, նշել էին, որ բոսնիացի պատգամավորը միտումնավոր անտեսել է ղարաբաղյան կողմի՝ տարիների շարունակ հնչող պատրաստակամությունը Սարսանգի ջրային ռեսուրսները Ադրբեջանի հետ համատեղ օգտագործելու մասին։