Home / Հայաստան / Ադրբեջանի ցույցերին պատրաստ չէին ոչ լիբերալները, ոչ իսլամիստները

Ադրբեջանի ցույցերին պատրաստ չէին ոչ լիբերալները, ոչ իսլամիստները

2016 թվականի հունվարի կեսերին Ադրբեջանի մի շարք շրջաններում բնակչության բարձրացրած բողոքի ալիքը կրկին ուշադրություն է հրավիրել հարավկովկասյան երկրի վրա, որը դեռ երեկ ոստիկանական կայունության օրինակի տպավորություն էր թողնում։ Բողոքի պատճառների մասին խոսում է Մուրադ Գաթթալը։

֊ Ադրբեջանում 2015 թիվն ավարտվեց ազգային արժույթի անկմամբ․ դեկտեմբերի վերջին դրա փոխարժեքն ԱՄՆ դոլարի համեմատ ընկավ գրեթե 50%֊ով, իսկ, եթե հաշվի առնենք նախորդ փետրվարի անկումը ևս, ապա մեկ տարվա ընթացքում մանաթն արժեզրկվել է գրեթե երկու անգամ։ Պատճառը, իհարկե, արտահանվող հիմնական ապրանքների՝ նավթի ու գազի համաշխարհային գների զգալի անկումն էր։

Դա անմիջապես հանգեցրեց գնաճի․ երկու֊երեք օրվա ընթացքում մի շարք ապրանքների գներ գրեթե կրկնապատկվեցին, ինչն առաջացրեց խուճապ բնակչության շրջանում։ Կառավարությունը ճգնաժամին պատրաստ չէր․ ԶԼՄ֊ների միջոցով պնդելով, որ «իրավիճակը վերահսկողության տակ է», այն հակասական որոշումներ էր ընդունում ու դրանք չեղյալ համարում կարճ ժամանակ անց։ Արդյունքում, երկրի մի շարք շրջաններում բողոքի ալիք բարձրացավ։

Ցույցերն ինքնաբուխ էին ու ոչ համակարգված․ դրանց մասնակիցները գյուղացիներ, բանվորներ ու մանր առևտրականների էին, որոնք պահանջում էին կանգնեցնել գնաճը, դադարեցնել կրճատումներն ու աշխատավարձերի չվճարումը։ Քաղաքական կարգախոսները տարածված չէին․ դրանք զանգվածաբար հնչում էին միայն Գուբայում՝ պետության ղեկավարության հրաժարականի պահանջի տեսքով։ Մեկ շաբաթվա ընթացքում ցույցեր տեղի ունեցան երկրի տասնյակ բնակավայրերում՝ վերաճելով բախումների ոստիկանության հետ։ Մի շարք դեպքերում քաղաքներ մտցվեցին ներքին զորքերի ջոկատներ, որոնք ցուցարարներ ցրում էին ջրցաններով ու ռետինե փամփուշտներով։

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, ինչպես միշտ տեղի է ունենում իսկապես զանգվածային բողոքների դեպքում, դիմեցին ոչ միայն մտրակի, այլև՝ բլիթի քաղաքականության։ Ցուցարարների ու ընդդիմադիր «սադրիչների» ձերբակալություններից բացի, որոշում ընդունվեց իջեցնել ու կայունացնել սննդամթերքի գները, ցուցադրաբար ձերբակալվեցին գները դիտավորյալ բարձրացրաց «սպեկուլյանտները», միջինը 10%֊ով բարձրացվեցին հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերն ու թոշակները։

Ներկայումս երկիրը որոշակի դադար է վերցրել։ Թե իշխանությունները, թե հասարակությունը հասկանում են, որ բոլորին ձեռնտու նավթադոլարների «յուղոտ» տարիներն ավարտվել են։ Կառավարությունը հայտարարում է, որ պետք է ընդամենը մի փոքր համբերել, ու տնտեսությունը կրկին վերելք կապրի։ Լավատեսություն է ներշնչում նաև Իլհամ Ալիևի վերջերս հրապարակած «Ադրբեջանի տնտեսության ապագան» հոդվածը, չնայած դրանում հիմնականում խոսվում է նախկին հաջողությունների մասին, իսկ ապագային անդրադարձը կատարվում է տարատեսակ ընդհանրական մոտեցումներով։

Միևնույն է, սակայն, նավթն ու գազը կազմում են ադրբեջանական արտահանման կառուցվածքի ավելի քան 95%֊ը, ու չնայած, որ հանքարդյունաբերությունը ներկայումս կազմում է ՀՆԱ֊ի միայն 25%֊ը, դրա կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս «հոլանդական սինդրոմի» ախտանշաններ, ինչը նշանակում է՝ երկրի տնտեսությանը ցավոտ վերակառուցում է սպասվում։

Ռեժիմն առայժմ հզոր ռեսուրսներ ունի, բայց վստահության ողջ պաշարն արդեն սպառվել է․ ոմանք չեն տեսնում այլընտրանք, ոմանք վախենում են «հետմայդանից», ոմանք էլ համոզված են՝ «թագավորը լավն է, իշխանները՝ վատը»։ Վերնախավի ակնհայտ պառակտում տեղի չունեցավ, իսկ պոտենցիալ անհավատարիմներին հերթական անգամ «մաքրեցին»։ Մաքրվեց նաև ընդդիմադիր դաշտը՝ աջերը կամ կաշառվել են կամ սաստվել, ձախերը սակավաթիվ են, իսկ իսլամիստները համազգային մակարդակով դեռևս բավականաչափ աջակիցներ չունեն։ Որքան էլ պարադոքսալ հնչի, «յուղոտ տարիներին» պատրաստ չէր ոչ իշխանությունը, ոչ ընդդիմաությունը։

Մուրադ Գաթթալ, Sol Front, Ադրբեջան