Home / Հայաստան / Հայաստանը կրկին մասնակի ազատ երկրների շարքում է՝ ըստ Freedom House-ի

Հայաստանը կրկին մասնակի ազատ երկրների շարքում է՝ ըստ Freedom House-ի

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր՝ հունվարի 27֊ին, հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2016» ամենամյա զեկույցը, որը գնահատում է մարդու իրավունքների ու ազատությունների մակարդակն աշխարհի 195 պետություններում ու 14 տարածքներում՝ դրանք դասակարգելով որպես «ազատ», «մասնակի ազատ» և «ոչ ազատ»։

Հայաստանն այս տարվա աղյուսակում, ինչպես և նախորդ տարի, տեղ է զբաղեցրել «մասնակի ազատ» երկրների շարքում՝ «քաղաքական իրավունքներ» ցուցիչով ստանալով 5, իսկ «քաղաքացիական ազատություններ» ցուցիչով՝ 4 միավոր։ Միավորների սանդղակը 1֊ից 7 է, որտեղ 1֊ը ազատության առավելագույն մակարդակն է, 7֊ը՝ նվազագույնը։

«Մասնակի ազատ» է նաև որակվել զեկույցում որպես «վիճելի տարածք» ներկայացված Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև՝ Հայաստանի հարևաններ Թուրքիան ու Վրաստանը, իսկ Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանն այս տարի ևս ընդգրկվել են «անազատ» երկրների ցանկում։