Home / Հայաստան / Փրկենք սնանկացող հայաստանցի օլիգարխներին․ «ՀԺ»

Փրկենք սնանկացող հայաստանցի օլիգարխներին․ «ՀԺ»

Հայաստանցի օլիգարխներին շտապ փրկել է պետք։ Նրանք սնանկանում են կայծակնային արագությամբ։ Այս մասին «Փրկենք օլիգարխներին» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը՝ նշելով, որ սնանկացման վերաբերյալ տպավորություն կարելի է ստանալ՝ ուսումնասիրելով Հայաստանի առաջին 1000 հարկատուների և 2015 թվականի ընթացքում նրանց կողմից վճարված հարկերի պատկերը։

Լրագրողը նշում է, որ երեկ ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված ցանկում, առաջին հերթին, աչքի առաջ հառնում է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

«Վերջինս, իհարկե, պնդում է, որ ոչ մի, բացարձակապես ոչ մի բիզնեսում ներգրավված չէ և իր միակ գործը ՀՀ Ազգային ժողովում օր ու գիշեր օրինաստեղծ աշխատանքով զբաղվելն է։ Հավատում ենք անվերապահ։ Հիմա ուսումնասիրենք, թե որքան հարկեր են վճարել Սամվել Ալեքսանյանին բացարձակապես չպատկանող ընկերությունները։ 2015 թվականին ամենահայտնի ու խոշոր ՝ «Ալեքս Գրիգը» վճարել է 18.2 միլիարդ դրամի հարկ։ Նրան «վապշե» չպատկանող «Սամ Սեր գրուպ» ընկերությունը անցած տարի ընդհանրապես չի ներառվել առաջին հազար հարկատուների ցանկում։ Ալեքսանյանի հետ ընդհանրապես, նույնիսկ հեռավոր կապ չունեցող մյուս խոշոր ընկերությունը՝ «Նատալի ֆարմը» 2015-ի ընթացքում վճարել է 3.9 միլիարդ դրամ։

Շա՞տ է սա, թե քիչ։ Այս հարցի պատասխանը հնարավոր է գտնել միայն համեմատության մեջ։ 2014 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգը» վճարել էր 21.5 միլիարդ, «Սամ Սեր գրուպը»՝ 3.2 միլիարդ, «Նատալի Ֆարմը»՝ 3.4 միլիարդ դրամ։ Ամփոփենք, 2014 թվականին Ալեքսանյանին բոլորովին չպատկանող այս երեք ընկերությունները վճարել էին 28.1 միլիարդ դրամի հարկ, իսկ 2015 թվականին՝ 22.1 միլիարդ դրամ։ Ստացվեց, որ Ալեքսանյանի հետ բացարձակապես կապ չունեցող այս ընկերությունները 2015 թվականին 6 միլիարդ դրամով ավելի քիչ հարկ են վճարել, քան 2014 թվականին։ Նվազումը կազմում է 21.3 տոկոս», ֊ գրում է Գևորգյանը։

Որպես ցայտուն արտահայտված մոնոպոլ ընկերության օրինակ լրագրողը նշում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» ընկերությունը, որը զբաղվում է բանանի մենաշնորհային ներկրմամբ։

«Այս ընկերությունն էլ, իհարկե, ոչ մի կապ չունի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հետ։ Դե ուղղակի «աբսալյուտնը» կապ չունի, էլի։ Թե ինչու են Միհրան Պողոսյանին ասում Քեթրինի Միհրան, 20 և 21-րդ դարերի համաշխարհային մասշտաբի առեղծվածներից մեկն է։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչ անլուծելի առեղծված է սա, նշենք, որ երկրորդ նմանատիպ առեղծվածը այն է, թե ի վերջո ովքեր են կառուցել եգիպտական բուրգերը։ Եվ ահա Քեթրինի Միհրանի հետ բացարձակ որևէ առնչություն չունեցող «Քեթրին» ընկերությունը 2015 թվականին վճարել է 1.2 միլիարդ դրամի հարկ, իսկ 2014 թվականին վճարել էր 1.6 միլիարդ դրամ։ Այդ դեպքում հարկերի ծավալը նվազել է 400 մլն դրամով կամ 25 տոկոսով», ֊ նշում է հոդվածագիրը։

Գևորգյանն ընդգծում է, որ իրականում օլիգարխների եկամուտները չեն կարող նվազել, քանի որ այն ապրանքները, որոնց մոնոպոլ ներկրմամբ զբաղվում են նրանք, աշխարհում սրընթաց էժանանում են․ «Ախր, մեր մոնոպոլիստները այդ ապրանքները արտերկրում ավելի էժան գնով առնում են, բերում այստեղ նախկին գնով կամ նույնիսկ ավելի թանկ գնով վերավաճառում։ Ախր, ամենապարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ նրանց եկամուտները աճել են։ Մեղմ ասած՝ աճել են։ Դրանք շեշտակի են աճել։ Բայց այդ ինչպե՞ս է ստացվում, որ նրանց եկամուտները աճել են, բայց վճարված հարկերը՝ նվազել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում