Գլխավոր / Հայաստան / Գյուղացիներից պահանջում են ապացուցել, որ պոչամբարն իրենց վնաս է հասցնում

Գյուղացիներից պահանջում են ապացուցել, որ պոչամբարն իրենց վնաս է հասցնում

«Դանդի Փրիշըս Մեթալս» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքի բնակիչներից պահանջում է ապացուցել, որ գյուղի մոտ գտնվող ընկերության պոչամբարը նրանց վնաս է հասցնում, հաղորդում է «Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Գյուղացիներն ընկերությունից փոխհատուցում են պահանջում, մինչդեռ Ջաբրայանը հունվարի 22-ին կայացած հանդիպման ժամանակ նրանցից վնաս հասցնելու վերաբերյալ գրավոր փաստեր է պահանջել, մասնավորապես, տների և այգիների լուսանկարներ, բերքատվության մասին տվյալներ, եկամուտների չափը։

Ջաբրայանի խոսքով՝ գրավոր բողոքը ստանալուց հետո համապատասխան փորձագետները պետք է հաստատեն կամ հերքեն պոչամբարի վնասակար ազդեցությունը:

Գեղանուշ գյուղի բնակիչների խոսքով, սակայն, ապացույցներն ակնհայտ են: Փաստերը սեփական աչքերով տեսնելու համար բնակիչները Ջաբրայանին հրավիրել են իրենց տները, այգիներն ու գոմերը:

«Մինչև պահանջած փաստերը հավաքենք, մի օր կգաք ու կտեսնեք, որ գյուղն այլևս չկա», — հանդիպման ժամանակ ասել է Գեղանուշի բնակիչներից 50 տարեկանին մոտ մի տղամարդ:

«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ»-ի նախագահ Արշավիր Խալափյանը կարծիք է հայտնել, որ բնակիչները պարտավոր չեն և չեն կարող իրենք հավաքել պոչամբարի գործարկման հետևանքով առաջացած վնասների մասին ապացուցող փաստերը:

«Այդ ամբողջ ապացուցողական բազան նա (Հրաչ Ջաբրայանը-խմբ.) պահանջում է բնակիչներից։ Բնակիչները հետազոտեն, բնակիչները ապացուցեն, բնակիչները փաստեր ներկայացնեն… վերջին հաշվով շարքային գյուղացին ինչպես կարող է որևէ չեզոք, անկախ փորձագիտական կազմակերպությունից եզրակացություն բերել»,- հանդիպման ժամանակ ասել է Խալափյանը:

Շահագործող ընկերության տնօրենը, իր հերթին, գյուղացիների՝ փոխհատուցման մասին պահանջը և համապատասխան բողոք֊նամակն ուղղորդված համարել է:

«Այս ձեզ համախմբողը արդեն փող ա ստացել էս աշխատանքի համար (ստորագրահավաքի համար-խմբ.)»,- ասել է Ջաբրայանը՝ նկատի ունենալով Խալափյանի ղեկավարած ՀԿ֊ն:

Գյուղացիները, սակայն, չեն համաձայնել ընկերության տնօրենի հետ։ Հանդիպման ժամանակ գյուղացիները նաև նշել են, որ համայնքի բնակիչները բազմաթիվ առողջական խնդիրներ ունեն:

«Քանի հոգի են գնացել, զինկոմիսարիատը ասել ա, որ բանակին անպիտան են։ Պոչամբարը խիստ ազդում ա»,- ասել է գյուղի բնակիչներից 70 տարեկան մի կին:

Հիշեցնենք, որ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցված վնասները և բաց թողնված օգուտները վերականգնելու նպատակով բնակիչները ստորագրահավաք էին անցկացրել: Ստորագրահավաքին մասնակցել էր համայնքում գրանցված 249 ընտրողներից 184-ը։