Home / Տեսանյութեր / Զոհված զինվորների ծնողները՝ ԱԺ֊ում․ Փոստանջյանը կողմ է հանձնաժողով ստեղծելուն

Զոհված զինվորների ծնողները՝ ԱԺ֊ում․ Փոստանջյանը կողմ է հանձնաժողով ստեղծելուն

Բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողները շարունակում են պայքարել իրենց որդիների քրեական գործերը ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար։

Այսօր զոհված 5 զինծառայողների ծնողներ հանդիպել են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ։

Վերջինս կողմ է արտահայտվել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին:

«Զարուհի Փոստանջյանը ասաց, որ մենք պետք է երեխաների գործերի վերաբերյալ մեր առարկությունները ներկայացնենք, ինքը կպայքարի, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի, որը կքննի գործում առկա փաստերն ու գնահատական կտա քրեական գործի վերաբերյալ», – Epress.am-ին ասել է Լեռնային Ղարաբաղում 2013 թվականին մահացած Արման Մուրադյանի հայրը Հովսեփ Մուրադյանը։

Մուրադյանը նշել է, որ հակառակ Փոստանջյանի կարծիքի, Սահակյանը համարել է, որ հանձնաժողովի ստեղծումը ոչինչ չի փոխի, քանի որ այն գործերի վերաբերյալ իր գնահատականն ու կարծիքը ներկայացնելուց բացի, ոչինչ չի կարող անել, քանի որ իրավական լծակներ չի ունենա։

Սահակյանը ծնողներին ասել է նաև, որ իրենց որդիների մահվան գործերի վերաբերյալ ԱԺ֊ն տեղեկանքներ է հավաքել, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։ Հովսեփ Մուրադյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշել է, որ այդ տեղեկանքները ոստիկանություն ուղարկելը ոչ մի լուրջ բան չի կարող փոխել։

Ամեն դեպքում, Մուրադյանին վրդովվեցրել է այն փաստը, որ իր որդու գործով տեղեկանք չի կազմվել, չնայած ինքը մյուս 4 զոհված զինծառայողների հետ դիմել էր ԱԺ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Արմեն Մուրադյանի գործի փոխարեն տեղեկանքում ներառված է եղել 1997 թվականին մահացած Իշխան Բադալյանի գործը։

Հովսեփ Մուրադյանն ասել է, որ այդ սխալի մեջ միտում է տեսնում. «Ըստ իս, այս վրիպումը եղել է կանխամտածված, որովհետև իմ տղայի սպանության գործը ամենաաղմկահարույցներից է»։ Հիշեցնենք, որ նրա որդու մահվան գործով դատական նիստերն անցկացվում էին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, մինչդեռ Մուրադյանը պահանջում էր, որպեսզի դրանք անցկացվեն Հայաստանի Հանրապետության տարածքում։

Զոհված զինվորի հայրը նաև հավելել է, որ իրենք այսօր դիմումներ կներկայացնեն Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանություններին՝ խնդրելով ուշադրություն դարձնել իրենց որդիների գործերում առկա բացթողումների վրա։ Ավելի վաղ ծնողները դիմում էին ներկայացրել նաև ՄԱԿ-ի և ԵՄ֊ի գրասենյակներ, ինչպես նաև, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, սակայն մինչ օրս այդ կառուցյներից որևէ պատասխան չեն ստացել։