Home / Տեսանյութեր / Պետության ուշադրությունը հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ նվազում է․ տեղեկանք

Պետության ուշադրությունը հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ նվազում է․ տեղեկանք

2014 թվականի համեմատ 2015֊ին կտրուկ նվազել է հոգեկական առողջության բնագավառում առկա խնդիրների մասին պետական մարմինների տրամադրած տեղեկատվության հիման վրա հրապարակումների թիվը (2014 թ.՝ 230 նյութ, 2015 թ.՝ 104 նյութ): Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած տեղականքում։ Իրավապաշտպան կազմակերպությունն այս եզրահանգման է եկել 2015 թվականին ԶԼՄ-երի և պետական մարմինների ինտերնետային էջերի մշտադիտարկման արդյունքում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ դրան հակառակ՝ 2015թ. զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների թիվը 2014 թ. համեմատ աճել է (2014 թ.՝ 415 նյութ, 2015 թ.՝ 541 նյութ): Միևնույն ժամանակ ավելի քան երկու անգամ աճել է մասնավոր կազմակերպությունների և/կամ ոչ պաշտոնատար անձանց կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա հրապարակումների թիվը (2014 թ.՝ 201 նյութ, 2015 թ.՝ 441 նյութ):

Ընդհանուր առմամբ՝ 2015 թ. հոգեկան առողջության բնագավառին վերաբերող 561 հրապարակումներից 20-ը տարածվել է պետական մարմինների ինտերնետային էջերով, 541-ը՝ զանգվածային լրատվության միջոցներով:

Պետական մարմինների ինտերնետային էջերում հոգեկան առողջության բնագավառում առկա խնդիրների մասին պաշտոնական տեղեկատվության նվազումը, ըստ կազմակերպության, խոսում է պետության կողմից տվյալ բնագավառի վերաբերյալ ուշադրության նվազման մասին:

Իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել նաև, որ 2015 թվականին, ինչպես և 2014-ին մեծ է եղել այն նյութերի քանակը (2013 թ.՝ բոլոր նյութերի 17 տոկոսը, 2014թ.՝ 19.3 տոկոս, 2015 թ.՝ 19.1), որոնք բացասական վերաբերմունք կարող են ձևավորել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ:

«Հրապարակումներում երբեմն լրագրողները նշում են որևէ անձի հոգեկան առողջության խնդիր ունենալու կամ հոգեկան առողջության հնարավոր խնդրի մասին, երբ տվյալ հրապարակման մեջ հոգեկան առողջության խնդիր ունենալու փաստը էական նշանակություն չունի: Օրինակ՝ քաղաքացու մահվան վերաբերյալ հրապարակման մեջ նշվող տեղեկատվության տարածումը, որ վերջինս հաշվառված է այս կամ այն հոգեբուժական հաստատությունում:

Ուշադրության է արժանի հրապարակումներից ևս մեկը, որտեղ անդրադարձ է կատարվում հոգեկան առողջության բնագավառում այլընտրանքային ծառայությունների, այդ թվում՝ խնամքի տների ներդրմանը, որը փակ հաստատությունների բեռնաթափման նպատակ է հետապնդում: Նյութի հեղինակը շեշտում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը ևս կարող է դիմում ներկայացնել տվյալ խնամքի տնից դուրս գրման համար: Ըստ հեղինակի՝ դա «բավականին խոցելի կետ է, քանի որ նպաստում է հոգեկան խնդիրներ ունեցողների փողոց դուրս գալուն»: Ավելին, հեղինակը նշում է, որ ՀԱԽՈւ (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող) անձը, որի վտանգավորության վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել, դրսում գտնվելով, կարող է ծանր հանցագործություն կատարել՝ սպանելով ընտանիքի անդամներին», ֊ ընդգծում են տեղեկանքի հեղինակները:

Նույնաբովանդակ հրապարակումները, եզրակացնում է կազմակերպությունը, հանգեցնում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խարանի և կարծրատիպերի ամրապնդմանը:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ