Home / Ազգային ժողով / «Արդյո՞ք Սերժ Սարգսյանն արգելել է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը»․ հարց Փաշինյանից

«Արդյո՞ք Սերժ Սարգսյանն արգելել է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը»․ հարց Փաշինյանից

Ախուրյանում ՀՀԿ֊ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հիմնած շաքարի գործարանն իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում, այլ ստեղծված է կոնտրաբանդայի մի բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար: Այսօր ԱԺ֊ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օլիգարխ պատգամավորի բիզնեսներին։

«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կեսաթոշակներից և երիտասարդների կրթվելու իրավուքնից գողացված միլիարդները՝ չնչին, այսպես ասած, բարեգործության անվան տակ քողարկելու մասին չստուգված լուրերը:

Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը Հայաստան է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դոլարների մաքսատուրքերից: Ըստ լուրերի՝ այդ շաքարավազը հումքի անվան տակ մտնում է գործարան և որպես տեղում արտադրված շաքարավազ դուրս գալիս այնտեղից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ հանցավոր մեխանիզմը տարիներ ի վեր գործում է Սերժ Սարգսյանի իմացությամբ և թույլտվությամբ․ «Սարգսյանն այստեղից ունի անձնական փայաբաժին, և հենց այսպես գողացված միջոցների հաշվին են լուծվում ընտրությունների արդյունքները կեղծելու ու իշխանությունը պահելուն ուղղված ապօրինի գործողությունների ֆինանսավորման հարցերը»:

Փաշինյանը դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս համապատասխան մարմինների միջոցով ստուգի այդ լուրերը և բաց ներկայացնի բոլորին: Նա նաև հարցրել է, թե արդյոք Սերժ Սարգսյանն արգելել է օգտագործել «Լֆիկ Սամո» կնիքը:

Ի պատասխան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ վարչապետը կուսումնասիրի պատգամավորի հորդորը և որոշում կկայացնի․

«Դուք առաջին անգամ չէ, որ նույն ֆորմատով այսպիսի հարցեր եք ներկայացնում: Իրականում Դուք ուզում եք այդ ձևով հերքել այն տարածված լուրերը, թե Դուք իշխանության հետ ինչ-որ ձևով շաղկապված եք և արհեստական ձևավորված ընդդիմություն եք: Կարող եմ ասել՝ ինձ համոզել եք, և ավելորդ ճիգերի կարիք չկա»:

Փաշինյանը, իր հերթին, արձագանքել է Դավիթ Հարությունյանին․ «Լավ կլիներ, որ մեկնաբանեիք, թե Սերժ Սարգսյանի՝ այս ֆորմատով և բառերով ելույթներն ինչ նպատկներ ունեն։ Դրանով նա ապացուցում է, որ ինքը կոռուպցիայի, կաշառակերության հետ կապ չունի: Եվ արդյո՞ք նա համոզել է, որ կաշառակերության հետ կապ չունի:

Դուք չեք կարող իմ պահանջածն ապացուցել, քանի որ դա ապացուցվում է ձեր կառավարության ներկայացուցիչների կյանքով և գործունեությամբ: Իսկ ես ապացուցելու կարիք չունեմ, քանի որ իմ կյանքն ու գործունեությունը դա ապացուցում են»:

Փաշինյանը նկատի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2015-ի փետրվարի 12֊ին հնչեցրած հայտնի ելույթը, որից կառավարության հարցուպատասխանների ժամանակ նա սովորաբար հատվածներ է մեջբերում։ Սարգսյանը խոսել էր ԲՀԿ այն ժամանակվա նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մասին՝ ասելով, թե շարունակում են «օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»: Սարգսյանը նաև ասել էր, որ տարիների ընթացքում ինքն է արգելել օգտագործել «Դոդի Գագո» կնիքը։

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում նմանատիպ ելույթներ էր հնչեցրել. 2015-ի նոյեմբերի 18–ին նա անդրադարձել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, և փեսայի՝ Միքայել Մինասյանի ունեցվածքին։ Դեկտեմբերի 9-ին նա խոսել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին։