Home / Բանակ / Դատին ներկա պատգամավորը պնդում է, որ կուրսանտին սպանել են

Դատին ներկա պատգամավորը պնդում է, որ կուրսանտին սպանել են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկա է եղել կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստին և վերջինիս հետ տեղի ունեցածը դաժան սպանություն է որակել։ Մեղադրյալներից մեկի փաստաբանը քննադատել է նման մոտեցումը։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել  2015թ-ի հունվարի 29-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանն անցել է ապացույցների և գործի նյութերի հետազոտության փուլին։ Նիստի սկզբում ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որ սույն դատական գործի հետ քննվի դրան առչվող երկու այլ դատական գործր ևս։

Գործերից մեկով անցնում են մարտկոցի հերթապահ Թելման Մխիթարյանը և օրապահ Խաչիկ Մինասյանը, որոնք, ըստ մեղադրանքի, անփույթ վերաբերմունք են ցույց տվել, որի հետևանքով սպանվել է Հայկազ Բարսեղյանը: Մյուս գործը վերաբերում է Հայկազ Բարսեղյանի սպանության օրը վերջինիս հետ վիճելու և նրան հարվածներ հասցնելու մեջ մեղադրվող Կարեն Բաղրամյանին։ Մեղադրյալների փաստաբանների պատճառաբանությամբ՝  նրանք ցուցմունքներ են տվել, որոնք կարող են էական նշանակություն ունենալ քննվող գործի համար։

Դատավոր Դավիթ Հարությունյանն ասել է, որ դատաքննության տվյալ փուլում այդ միջնորդությունները չեն կարող քննարկվել:

Նիստի ընթացքում ամբաստանյալների պաշտպանների պահանջով  ներկայացվել է վկաների հարցաքննության տեսանյութը։  Ամբաստանյալների պաշտպանները դժգոհություն են հայտնել հարցաքննության ընթացքի վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք նշել են, որ քննիչն ակնհայտորեն  ցուցումներ է տալիս վկաներին։

«Սա խոսում է այն մասին, որ այս վկաներին փակի տակ են պահել, ու նրանք եղել են [հարցաքննությանը ներկա] ոստիկանների հսկողության տակ, և վախի ազդեցությամբ ցույց են տալիս այն, ինչ կարգադրվել է», – ասել է Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։

Դատական նիստին ներկա էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում Հայկազ Բարսեղյանի սպանությունը դաժան է որակել։

«Ես դա համարում եմ ցինիզմի և լպիրշության ամենավերջին դրսևորումը, ակնհայտ է, որ դա սպանություն է», – ասել է Զոհրաբյանը։

Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի խոսքով` կոռեկտ չէ սպանություն որակել այն, ինչը դեռ չի ապացուցվել։

«Չեմ բացառում, որ ազգակցական կապ ունի ինքը (Նաիրա Զոհրաբյան – խմբ․) Բարսեղյանի հետ և դրա համար է այդպես հայտարարում», – ասել է Զաքարյանը։

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանին գտել են 2015թ. հունվարի 29-ին վաղ առավոտյան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում։ Նախաքննության համաձայն  կուրսանտին կախելուց առաջ 4 մեղադրյալները փակել են նրա բերանը՝ զրկելով օգնության կանչելու հնարավորությունից, սուր կտրող֊ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։

Ավելի վաղ Հայկազի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, Epress.am֊ի հետ զրույցում ասել էր, որ իր որդուն սպանողները փորձել են ապացույցներ թողնել սպանության վայրում, թե իբր իր որդին ինքնասպան է եղել, մասնավորապես, որդու ձեռագիրը նմանակելով, գրել են երկտող, որտեղ նշված է եղել, թե իր մահվան մեջ ոչ մեկին պետք չէ մեղադրել։ Նախաքննությունը, սակայն, պարզել է, որ երկտողը եղել է ինքնասպանության իմիտացիա։