Home / Հայաստան / Կիևյան կամրջից նետված տղամարդուն սպառնում էին․ «Հրապարակ»

Կիևյան կամրջից նետված տղամարդուն սպառնում էին․ «Հրապարակ»

Հունվարի 30-ին Կիևյան կամրջից նետվել է 47-ամյա Արտակ Գալստյանը։ «Հրապարակ» օրաթերթը նշում է, որ Գալստյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ է եղել.

«Արտակ Գալստյանը Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանի եղբայրն է։ Նա երկար տարիներ աշխատել էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։ Նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված՝ խոշոր չափի ոսկու յուրացման մեղադրանքով։ Սակայն տարակուսելին այն է, որ և՛ հանքի ղեկավարությունը, և՛ աշխատակիցը պնդել են, որ որևէ գողություն չի եղել, ոչինչ չի պակասել հանքից։ Տեղեկություններ կան, որ հանգուցյալ Գալստյանն այդ գործով երկրորդական անձ է եղել, ավելի «խոշոր գլուխներ» են մասնակցել, բայց երբ ամիսներ առաջ Երևանի ոսկու շուկայում ոսկու իրացման պահին բռնվել են, Գալստյանին սպառնացել են, որ անուններ տալու դեպքում հրաժեշտ կտա ընտանիքին։ Ասում են նաև, որ նա փողի խնդիր չի ունեցել և ցանկացած «թվի» տակից կարող էր դուրս գալ։ Տևական ժամանակ ՀՔԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում Արտակ Գալստյանին տարել-բերել են և պահանջել անուններ ասել, մյուս կողմից էլ՝ սպառնացել են։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ գործով մոտ 3 տասնյակից ավելի մարդ է անցնում, հիմա ֆաբրիկայում ահուդողով սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում։ Տղամարդը տանը գրություն է թողել, թե գնում եմ Կիևյան, սակայն մինչև կինը գտել ու հասել է կամրջի մոտ, արդեն ուշ է եղել»։