Home / Տեսանյութեր / ՀՀԿ-ն միջազգային վարկը կօգտագործի նախընտրական քարոզարշավի համար, խոստովանել է պատգամավորը

ՀՀԿ-ն միջազգային վարկը կօգտագործի նախընտրական քարոզարշավի համար, խոստովանել է պատգամավորը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հաստատել է, որ պետության կողմից վերցված վարկով Հանրապետական կուսակցությունը նաև իր նախընտրական ծրագրերն է իրականացնելու։

ԱԺ֊ն այսօրվա նիստի ընթացքում քննարկել է Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ՎԶՄԲ-ն 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ հարակից զեկուցող ՀՀԿ֊ական պատգամավոր Խոսրով Հարությունյանից պահանջել է մինչև քվեարկությունը տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե հիմնանորոգման համար նախատեսված այդ 7 ճանապարհների վրա պետությունը երբ է վերջին անգամ գումար ծախսել․ «Եթե հանկարծ պարզվի, որ 5 տարի առաջ մեծ գումարներ են ներդրվել այդ ճանապարհները նորոգելու համար, կստացվի, որ այս վարկային միջոցներով հանցանշաններ ենք վերացնում»։

Փաշինյանը նկատել է, որ 40 միլիոն դոլար վարկից դեռ միայն «11 միլիոնի հասցեն է» իրենց հայտնի, որն այս տարի է օգտագործվելու, իսկ մնացածը օգտագործվելու է 2017 թվականի նախընտրական շրջանում։

Ընդդիմադիր պատգամավորը կանխատեսել է, որ մնացած 30 միլիոն դոլարի հիմնանորոգումն արվելու է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ․ «Այդ ռեյտինգային Հանրապետական պատգամավորները ընտրատարածքում ձեռքերը խաչած կատոկների վերևը կկանգնեն, կասեն՝ էս ա, ժողովուրդ ջան, տեսեք մենք ոնց ենք աշխատում, բայց իրականում էդ փողը ժողովրդի ու պետության վզին ա դրած։ Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ երաշխիք կա, որ այդպես չի լինելու։ Ինչի՞ պետք է Հայաստանի Հանրապետությունը 30-40 միլիոն վարկ վերցնի ՀՀԿ-ի նախընտրական կարիքների համար։ Դուք, որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, կարո՞ղ եք բարձրաձայն ասել, որ 2017 թվականի այդ ասֆալտապատման ծրագրերը ոչ մի կապ չունեն ՀՀԿ-ի գործունեության հետ»։

Խոսրով Հարությունյանն հայտարարել է, որ ճանապարհների վերանորոգման մասին տեղեկատվությունը, իրոք, պետք է պահանջել. «Իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցին, որն ավելի շատ քաղաքական է, կասեմ, որ յուրաքանչյուր ոք իշխանության գալուց նույն կերպ է վարվում։ Հանրապետական կուսակցությունը ոչ մի արտառոց բան չի անում։ Այո՛, նախընտրական ծրագրի խոստումներ է տվել և հիմա այդ խոստումները կատարում է, ընդ որում, օգտագործելով՝ թե՛ բյուջետային ռեսուրսները, թե՛ հանրության խնայողությունները։ Սա է իրականությունը։ Որևէ արտառոց բան կա՞ էստեղ։ Խի կարծո՞ւմ եք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ եկավ իշխանության, արտաքին պարտքից հրաժարվե՞ց։ Ոչ: Խի մեր նախկին իշխանություններն այդպես չե՞ն արել։ Իհարկե, արել են, և այստեղ ոչ մի անտրամաբանական բան չկա»։

Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով արձագանքել է․ «Ես չգիտեմ՝ նախկին իշխանություն ասելով՝ դուք ում նկատի ունեք, բայց ես երբեք իշխանություն չեմ եղել նախկինում, ապագայում՝ միգուցե: Իսկ նախկին իշխանությունը Դուք եք, Գալուստ Սահակյանն է, Սերժ Սարգսյանն է։

Դուք հաստատեցիք իմ մտահոգությունները և սա կարելի է համարել ՀՀԿ նախընտրական վարկ։ Հետևաբար ես դեմ եմ քվեարկելու»: