Home / Հայաստան / Նորածնի մահվան պատճառը բժիշկների անփութությունն է, պնդում է հայրը

Նորածնի մահվան պատճառը բժիշկների անփութությունն է, պնդում է հայրը

Փետրվարի 7-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում մահացած  նորածին երեխայի հայրը՝  Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Մակար Անտոնյանը,  այսօր դիմել է  Ոստիկանության Արտաշատի բաժին՝  երեխայի դին դատաբժշկական քննության ենթարկելու թույլտվություն ստանալու հարցով:

Անտոնյանը իր նորածին երեխայի մահվան մեջ  մեղադրում է Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկներին:  Վերջինիս խոսքով՝ իր որդին մահացել է բժիշկների անփութության և սխալի պատճառով:

«Քննությունը թող ցույց տա, որ երեխան ոչ թե վնասվածքով է ծնվել, այլ վնասվածք ա ստացել հետո»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է մահացած երեխայի հայրը:  

Նա պատմել է, որ իր կինը՝ Սիմա Երեմյանը հունվարի 29-ին կոնսուլտացիայի է գնացել Արտաշատի հիվանդանոց. «Բժշկուհին՝ տիկին Զեմֆիրան (Զեմֆիրա Նավասարդյան՝ Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատան վարիչ- խմբ.), հետազոտել ա,  ասել ա՝ տոտիկային ա երեխայի դիրքը, բայց, քանի որ ցավեր չունես, փետրվարի 3-ին կգաս»:

Հունվարի 30-ի առավոտյան Երեմյանի ցավերն ուժեղացել են և նրան շտապ հասցրել են Արտաշատի հիվանդանոց:

Ամուսնու խոսքով՝ իմանալով, որ երեխան հետույքով ներքև դիրք ունի, բժիշկները որոշել են կեսարյան հատում չանել:

«Դեղեր են սրսկում, որ ցավեր ունենա, բայց սրսկումից հետո ուշքի են գալիս, որ կեսարյան էր պետք, բայց էդ թյուրիմացությունը հետո են հասկանում: Երեխան կիսախեղդ ա ծնվում», – ասել է Անտոնյանը: Երեխային ծնվելուց հետո ծանր վիճակում տեղափոխել են Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ օրեր անց՝ փետրվարի 7-ին,  փոքրիկը մահացել է:

Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատան վարիչ Զեմֆիրա Նավասարդյանը Еpress.am-ի հետ զրույցում ասել է, որ կեսարյան հատում չանելու որոշումը ինքն է  ընդունել, որովհետև դրա կարիքը չկար:  

«Ի սկզբանե անկայուն դրություն է եղել՝ մեկ փոխվել ա գլխային, մեկ փոխվել ա հետույքային:  Բայց ես գտնում եմ, որ ինքը ինքնուրույն պետք ա ծննդաբերեր, ինքը կռուպնի կին ա, 100 կգ-ից ավել քաշ ունի, երկու երեխա ա ունեցել, այստեղ բացառված է նրան կեսարյան հատում անելը: Նա պետք է կարողանար  2կգ 700 գրամանոց երեխա ունենար»,  -ասել է նա: