Home / Հայաստան / Վրաստանում նույնասեռ ամուսնությունների մասին նախագծի հետևում կարող է կանգնած լինել եկեղեցին

Վրաստանում նույնասեռ ամուսնությունների մասին նախագծի հետևում կարող է կանգնած լինել եկեղեցին

ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վրաստանցի փաստաբան Գեորգի Տատիշվիլիի՝ նույնասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ նախաձեռնությունն առաջացրել է բնակչության նույն խմբի իրավուներով զբաղվող առաջատար հասարակական կազմակերպությունների վրդովմունքը։

ՀԿ֊ները չեն բացառում, որ Տատիշվիլիի հետևում կանգնած են որոշակի քաղաքական կամ կրոնական ուժեր, որոնք ցանկանում են ուժեղացնել հասարակության շրջանում բացասական վերաբերմունքը ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչների հանդեպ։ Տարածած համատեղ հայտարարության համաձայն, նրանց կասկածներն ամրապնդվել են հատկապես Վրաստանի Պատրիարքարանի հայտարարությունից հետո, որը երկրի ՆԳՆ֊ին խնդրում էր ժամանակավոր պաշտպանություն տրամադրել Տատիշվիլիին։

«Իդենտոբա», «Ֆեմիդա», «WISG», «ԼԳԲՏ ֊ Վրաստան» ՀԿ֊ները կոչ են անում չհավատալ պնդմանը, թե այս նախաձեռնությունը գալիս է ԼԳԲՏ+ համայնքից։ «Քաղաքացիական ամուսնությունը կբացահայտեր հարաբերությունները հասարակության համար, իսկ ԼԳԲՏ անձինք ստիպված են թաքցնել իրենց կապերն ու պատկանելությունը տվյալ համայնքից՝ բռնությունից ու հետապնդումներից խուսափելու նպատակով։ Ամուսնության իրավունքը, նույնիսկ դրա օրինականացման դեպքում, գործնականում չի կիրառվի»,֊ ասված է կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Վրաստանի խորհրդարանում սկսվել է ստորագրահավաք, որի նպատակն է Սահմանադրության մեջ հստակ գրելը՝ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է։ Այս մասին հունվարի 8֊ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սփյուռքի հարցերով փոխնախարար Սանդրո Բրեգաձեն։

Նշենք, հունվարի վերջին փաստաբան Գեորգի Տատիշվիլին դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով օրինականացնել նույնասեռ ամուսնությունները։ Հայցը փաստաբանը հիմնավորել էր նրանով, որ Սահմանադրության մեջ ասված չէ, թե ամուսնությունը միայն տղամարդու և կնոջ միությունն է։

«Հույս ունենք, որ մեր օրենսդիր իշխանության ներկայացուցիչները կստորագրեն մեր նախաձեռնությունն հետագա նիստերի ժամանակ կամրապնդեն ազգային, հայրենասիրական ու բարոյական դիրքորոշումը»,֊ նշել է Բրեգաձեն։ Սահմանադրական փոփոխությունների հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորներից 76֊ի ստորագրությունը։