Home / Հայաստան / «Դիտորդին թույլ չեն տվել դիտարկել Քննչական կոմիտեի մրցույթը»

«Դիտորդին թույլ չեն տվել դիտարկել Քննչական կոմիտեի մրցույթը»

2016 թվականի հունվարի 26-ին կայացած ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների մրցույթի դիտորդական առաքելությունն անցել է օրենքի խախտումով: Այս մասին հայատարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը:

Ըստ կազմակերպության՝ դեռևս 2015թ. նոյեմբերի 4-ին իրենք դիմել էին Քննչական կոմիտե՝ տեղի ունենալիք մրցույթի գրավոր փուլը դիտարկելու թույլտվություն ստանալու համար: Դիմումին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ կազմակերպության՝ դիտորդություն իրականացնելու հարցը կքննարկվի որակավորման հանձնաժողովի առաջիկա նիստին:

Մրցույթից մեկ օր առաջ Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Կիրակոսյանը հեռախոսազանգով հայտնել է, որ կա որոշում, ըստ որի՝ մրցույթը կարող է դիտարկել կազմակերպությունից միայն մեկ դիտորդ, բայց ոչ ՀԿ֊ի փորձագետ֊իրավաբան Տիգրան Եգորյանը: Կիրակոսյանը նման որոշման պատճառները չի ներկայացրել։

Հունվարի 29-ին «Իրավունքի Եվրոպա միավորումը» ստացել է Քննչական կոմիտեի՝ հունվարի 22-ով մակագրված գրավոր որոշումը:

«Ուշագրավ է հատկապես այն, որ որոշման մեջ Տիգրան Եգորյանի անունը բացակայում է. դրա փոխարեն տրված է հետևյալ «պատմական» ձևակերպումը. «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարական կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ կարող է ներկա գտնվել 2016 թ. հունվարի 26-ին անցկացվող քննությանը: Փաստորեն, ՀՀ քննչական կոմիտեն որոշել է գրավոր որոշման մեջ չարձանագրել իր ցուցաբերած խտրական մոտեցումը Տիգրան Եգորյանի նկատմամբ, սակայն այդպես էլ հարմար ձևակերպում չի գտել», – նշում է ՀԿ֊ն:

Ըստ կազմակերպության՝ դրանով Քննչական կոմիտեն խախտել է թե՛ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, որով արգելվում է խտրականությունը, թե՛ «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, ըստ որի` «վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք, եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով»: