Home / Հայաստան / Հացադուլ հայտարարած կալանավորին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Հացադուլ հայտարարած կալանավորին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավայրում գտնվող Սերվենիկ Գևորգյանը, որը փետրվարի 1-ից հացադուլ էր հայտարարել, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գևորգյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը։

«Իմ վերջին տեղեկություններով, Գևորգյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հարազատներին ու ինձ չէին տեղեկացրել դրա մասին։ Գևորգյանը տեղափոխվել է հիվանդանոց փետրվարի 6-ին, հարազատներն այդ մասին իմացել են հաջորդ օրը։ Չգիտեմ՝ ինչու է դա գաղտնի պահվել մեզանից», ֊ ասել է փաստաբանը։

Վերջինիս խոսքով՝ հիվանդանոցի ընտրությունը նույնպես դժգոհության առիթ է, որովհետև Գևորգյանը մինչ այդ բուժվել է տվյալ բժշկական հաստատությունում, սակայն գումարը չվճարելու պատճառով առանց լիարժեք բուժում ստանալու դուրս է գրվել։

«Մենք կտրականապես դեմ էինք, որ նույն հիվանդանոցը տարվեր, բայց, չգիտես ինչու, որոշել են այնտեղ տանել նորից», ֊ նշել է փաստաբանը։

Գայանե Գրիգորյանը հավելել է, որ իրենց դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ Սերվենիկ Գևորգյանը կմնա հիվանդանոցում։

Նշենք, որ Սերվենիկ Գևորգյանը հացադուլ էր հայտարարել, քանի որ չի կարողանում ինքնուրույն շարժվել և սնվել, իսկ բանտում նրան պատշաճ օգնություն ցույց չեն տալիս: Կնոջ առողջական վիճակը վատացել էր հունվարի 23-ին. նա կորցրել էր գիտակցությունը: Երբ ուշքի էր եկել, հասկացել էր, որ մարմնի ձախ հատվածն անշարժացած է: