Home / Բանակ / Կուրսանտի սպանության մեջ մեղադրվողների փաստաբանները փորձաքննությանը չեն հավատում

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվողների փաստաբանները փորձաքննությանը չեն հավատում

Հոգատար, ընկերասեր, բարի: Նման հատկանիշներով են բնութագրվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երեք կուրսանտները՝ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը և Նորիկ  Սահակյանը: Ռազմական ինստիտուտի հրամանատարների կողմից տրված բնութագրերն այսօր դատական նիստին ներկայացրել է  դատավոր Դավիթ Հարությունյանը:  

Դատարանում ներկայացվել են նաև դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքները: Ըստ դատահոգեբանական փորձաքննության՝ Հայկազ Բարսեղյանի անունից երկտող գրողը ինքնասպանություն գործելու վիճակում չի եղել: Փորձագետները պարզել են, որ գրառումն ամբողջությամբ կատարվել է նույն մարդու կողմից, և ձեռագրի դիտավորյալ փոփոխման հատկանիշներ չեն հայտնաբերվել: Այնուամենայնիվ, դատաձեռագրաբանական փորձաքննությունը չի պարզել, թե ով է «Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա, քաշքշուկի համար կներեք» բովանդակությամբ  երկտողի հեղինակը: Ըստ փորձագետների, տվյալ դեպքում գրաֆիկական նյութի սակավության պատճառով կատեգորիկ եզրակացություն տալ հնարավոր չէ:

Դատական նիստին հրապարակվել է նաև Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով:  Դատաբժշկական փորձաքննությամբ դիակի վրա հայտնաբերվել են մի շարք  վնասվածքներ շրթունքների և այտի շրջանում, որոնք առաջացել են մահվանից մոտ 30 րոպեից մինչև 90 րոպե առաջ` բութ առարկաների ազդեցությամբ:

Ամբաստանյալների պաշտպանները,  սակայն, հայտնել են, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը չի կարող համարվել արժանահավատ, քանի որ դրանում կան մի շարք թերություններ:

Մասնավորապես, ըստ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանի, պարզ չէ, թե որտեղից է վերցվել, որ Հայկազ Բարսեղյանը սեղմման միջոցով է մահացել:

«Սեղմում բառը դատաբժիշկը օդից է վերցրել: Եթե արյունազեղումներ կան սեղմման հետաևանքով, ապա ինչո՞ւ միայն պարանոցի աջ կողմի վրա հետքեր կան», -ասել է փաստաբանը:

Համաձայն փորձաքննության՝ սպանության ժամանակ այդ սենյակում գտնվող կուրսանտները տվել են արժանահավատ ցուցմունքներ, ինչին մեղադրյալների փաստաբանները նույնպես չեն հավատում:  Մասնավորապես, ըստ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի,  վկա Նորիկ Օհանջանյանը հոգեկան հիվանդություն է ունեցել, և նրա հարցաքննությունը պետք է դատաբժիշկն իրականացներ:

Փաստաբանների միջնորդությամբ որոշվել է հաջորդ դատական նիստին հրավիրել և  հարցաքննել դատաբժշկական փորձագետին: Պաշտպանները չեն բացառել, որ  գուցե կարիք լինի նաև դիակի կրկնակի դատաբժշկական փորձագիտություն իրականացնել:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանին գտել են 2015թ. հունվարի 29-ին վաղ առավոտյան ռազմական ինստիտուտի տարածքում պտտաձողից կախված վիճակում։ Նախաքննության համաձայն,  կուրսանտին կախելուց առաջ 4 մեղադրյալները փակել են նրա բերանը՝ զրկելով օգնության կանչելու հնարավորությունից, սուր կտրող֊ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։ Սպանված երիտասարդի հայրը պնդում է, որ որդուն սպանողները երկտող գրելով փորձել են ստեղծել ինքնասպանության իմիտացիա: Սպանության մեջ մեղադրվում են Բարսեղյանի համածառայակիցներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը: