Home / Հայաստան / Փոստանջյանին առաջադրելը «գերեզմանափորություն» է․ ՀՀԿ-ն առաջ է բրդում օմբուդսմենի իր թեկնածուին

Փոստանջյանին առաջադրելը «գերեզմանափորություն» է․ ՀՀԿ-ն առաջ է բրդում օմբուդսմենի իր թեկնածուին

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 12-ին անցկացված Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուների շուրջ քննարկման բավական թեժ մթնոլորտը չխաթարեց իշխող կուսակցության պլանները։ Հանձնաժողովը օմբուդսմենի պաշտոնում հանրապետականների ճնշող մեծամասնության ներքո գործող խորհրդարանում կներկայացնի արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, որի օգտին քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամներ։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ստացավ 4 ձայն։ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջադրած թեկնածուի՝ Նարեկ Ալոյանի օգտին կողմ քվեարկեց 2 պատգամավոր։

Զարուհի Փոստանջյանն ու նրա թեկնածությունն առաջադրած անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ արեցին նորից քվեարկություն անել, քանի որ դեմ և ձեռնպահ ձայներն անտեսվեցին։ Քվեարկության արդյունքները, սակայն, չփոխվեցին։

Մինչ քվեարկությունը՝ քննարկման ընթացքում, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Մարուքյանին հարցրել է, թե արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցությունում տեղյակ են, որ ինքը առաջադրել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, և եթե այո, ապա ինչո՞ւ կուսակցությունից որևէ մեկը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: 

Մելիքյանի խոսքով՝ Զարուհի Փոստանջյանի՝ օմբուդսմեն դառնալու դեպքում «Ժառանգություն» կուսակցությունը կփակվի․ «Խմբակցության միակ անդամին (խմբակցության մյուս 4 անդամները կամ երբևէ չեն հանդիսացել «Ժառանգություն» կուսակցության անդամ կամ դուրս են եկել կուսակցությունից ֊ խմբ․) դուք ուզում եք տանել Մարդու իրավուքների պաշտպան՝ դրանով փակելով խմբակցությունը։ Կարո՞ղ է լուրջ եք ընդունել, որ ինքը կարող է ընտրվի և ուզում եք դրանով փակել կուսակցությունը և թույլ չտալ նրանց օգտվել ԱԺ-ի բարձր ամբիոնից: Կարծում եմ՝ ճիշտ չէ գերեզմանափոր լինել ինչ-որ կուսակցությանը։ Չեմ ցանկանա հատկապես, որ այդ գերեզմանափորը դուք լինեք»:

Էդմոն Մարուքյանը պատասխանել է, թե զարմացած է, որ իրեն գերեզմանափորի պիտակ են ուզում կպցնել․ «Բնականաբար դա չի ստացվի, որովհետև այս երկրում գերեզմանափորություն եղել է, ապա դա հաստատ մեր կողմից չի եղել: Չեմ կարծում, որ ես պետք է քննարկեմ «Ժառանգություն» կուսակցության հետ կապված հարցերը. եթե Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է, ուրեմն ունի համաձայնություն կուսակցությունից: Իսկ «Ժառանգության» համար դուք մի անհանգստացեք, որովհետև այն չի վերանա ԱԺ-ում: Զարմանում եմ, որ ՀՀԿ-ն է էդ դարդն անում: Իսկ ինչ վերաբերում է այս թեկնածուին լուրջ ընդունելուն, եթե դուք լուրջ չեք ընդունել այդ թեկնածությունը, ապա ինչո՞ւ եք խառնվել իրար։ Եթե մտահոգություն ունեք, որ ձեր կուսակցությունից մարդիկ կան, որ հնարավոր է՝ գաղտնի նրա օգտին քվեարկեն, դա այլ բան է: Ես անլուրջ բան չեմ անում»:

Փոստանջյանը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ կարող է իրականացնել իրավապաշտպան գործունեություն. «Օմբուդսմենը ոչ կիսապաշտպան է, ոչ էլ սահմանափակված իրավունքներով անձ, իսկ իմ փաստաբանական գործունեության ընթացքում, երբ պաշտպանում էի քաղաքացիների իրավունքները, անգամ քրեական հետապնդման եմ ենթարկվել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ հարցրել է Փոստանջյանին,  թե ինչու է նա առաջադրվում օմբուդսմենի պաշտոնում, այն դեպքում, եթե պատգամավորի մանդատի շնորհիվ ավելի մեծ հնարավորություն ունի զբաղվելու մարդու իրավուքնների պաշտպանությամբ․ «Դուք մի քանի մակարդակով ցանկանում եք Ձեր կարգավիճակն իջեցնել՝ պատճառաբանելով, որ այդպես ավելի լավ կպաշտպանեք մարդու իրավունքները։ Դուք հո հաստատ գիտեք, որ չեք ընտրվելու օմբուդսմեն, ուղղակի թվաբանական առումով եթե դիտարկենք, որովհետև Դուք 3/5-րդ չեք հավաքելու, որովհետև իշխանությունն ԱԺ-ում ավելի շատ ձայներ ունի, քան Ձեր խմբակցությունը։ Տպավորությունն այնպիսին է, որ Ձեզ հերթական անգամ խոսափող է պետք»։

Փոստանջյան․ «Ինձ թվում է ես արդեն պատասխանել եմ այդ հարցերին։Իմ գործընկերներից մեկը մի անգամ ինձ բնութագրելով ասաց, որ իմ տեղը պայքարն է, և ես ինձ փոթորիկի մեջ եմ հանգիստ զգում։ Երևի նա ճիշտ է ասում, որովհետև ես ավելի գերադասելի եմ համարում պայքարը, քան ինչ-որ աշխատանք ունենալը։ Դուք եք ընտրում, թե ով է լինելու Ձեր ապագա օմբուդսմենը, և կարող եք ձեր խղճի համեմատ ընտրել։ Ձեր ՀՀԿ կուսակցությունը թող իմանա, որ միշտ ունի մրցակից։ Բոլոր հարթակներում պետք է մրցակցություն լինի»։

Պետաիրավական հարցերի մշտական Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ընդգծեց, որ Զարուհի Փոստանջյանի պատասխանները քաղաքական են, ինչպես եղել են ԱԺ -ում, իսկ էդմոն Մարուքյանը նկատեց, որ հարցերը քաղաքական են, և, հետևաբար, պատասխաններն էլ՝ քաղաքական: 
Սահակյանը հորդորեց չխախտել ընթացակարգը և տեղից չխոսել:

Պետաիրավական հանձնաժողովը իրավունք ունի ընդամենը մեկ ՄԻՊ֊ի թեկնածու առաջարկել Ազգային ժողովին։ Հանձնաժողովի 12 անդամներից 6-ը ՀՀԿ֊ական են։ Հանձնաժողովի ընտրած օմբուդսմենի թեկնածուն կհաստատվի ԱԺ լիագումար նիստում՝ գաղտնի քվեարկության արդյունքում։