Home / Հայաստան / «Ոստիկանությունը հետապնդում է ակտիվիստ Գոհար Սարոյանին»

«Ոստիկանությունը հետապնդում է ակտիվիստ Գոհար Սարոյանին»

Քաղաքացիական ակտիվիստ Գոհար Սարոյանին (լուսանկարում) հետապնդում է ոստիկանությունը, հաղորդում է լրագրող Թեհմինե Ենոքյանը։

Տարածած հայտարարության մեջ լրագրողը նշում է, որ Գոհար Սարոյանին ծանուցում է ուղարկվել ոստիկանություն ներկայանալու և բացատրություն տալու պահանջով, սակայն վերջինս, խորհրդակցելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի հետ, հայտնել է, որ  իրավունք ունի չներկայանալու բացատրություն տալու համար: 

«Գոհար Սարոյանին կանչել էին 12.02. 2016 թվականի 10.30-ին Մալաթիայի բաժին հետաքննիչ Գ. Ագարյանին ներկայանալու համար:

Դրանից հետո նրան զանգահարել են ոստիկանությունից և հայտարարել, որ պատրաստվում են այցելել Գոհար Սարոյանի բնակարան: 

Սակայն Գոհար Սարոյանը չի տվել ոչ մի անձնական տվյալ բնակության վայրի վերաբերյալ: Անձանց մասին անձնական տեղեկատվություն հավաքելը և օգտագործելը ընդդեմ քաղաքացու քրեորեն պատժելի արարք է»,- ասված է հայտարարության մեջ:

Ենոքյանը հիշեցնում է դեպքի հետ կապված նախապատմությունը․ անցած տարվա վերջին 4-րդ ՊՊԾ գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանը Ազատության հրապարակում նստացույց իրականացնող անձանց անվանել էր կապիկներ․ «Այդ իրադարձություններից հետո ձերբակալվել է նստացույցի մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Այս իրադարձություններին հաջորդել է բողոքի ակցիան Գեղամ Խաչատրյանի տան դիմաց: Նրանք Գեղամ Խաչատրյանի տան պատին գրել էին «Գեղամիկ, կապիկ, մլիցա»։ Ակցիայից հետո, հինգ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Բերման ենթարկված անձանց մեղադրանք էր առաջադրվել այլոց գույքը վնասելու հոդվածով: