Home / Տեսանյութեր / Զինվորի մահվան դեպքի քննությունն անաչառ կանցնի, հույս ունեն եզդիական կազմակերպությունները

Զինվորի մահվան դեպքի քննությունն անաչառ կանցնի, հույս ունեն եզդիական կազմակերպությունները

Երեկ Լեռնային Ղարաբաղում զոհված ազգությամբ եզդի զինծառայող Թեմուր Շարիի Սլոյանը միակողմանի ծնողազուրկ էր և բնորոշվում էր որպես դրական երիտասարդ: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում են «Եզդիների ազգային կոմիտե» կազմակերպությունը և «Շամս» մարդասիրական ՀԿ֊ն՝ հույս հայտնելով, որ գործի քննությունը կանցնի թափանցիկ ու անաչառ:

Համաձայն նախաքննության վարկածի, փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի զինվոր Թեմուր Սլոյանը իրեն ամրակցված գնդացրից կրակել է իր ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքին։ Ստացած վնասվածքից Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո Սլոյանը ինքնասպան է եղել՝ կրակելով գլխին։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել սպանություն և ինքնասպանությանը հասցնել հոդվածների հատկանիշներով։

ArmLur.am կայքը զրուցել է զորամասի հրամանատար Սերյոժա Շաքարյանի հետ, ով հայտնել է, որ միջադեպի պատճառը եղել է զինվորներից մեկի դիրքը լքելն է եղել․ «Դեպքը եղել է դիրքերում, տղաներից մեկը պոստը լքել իջել է ներքեւ, մյուսը հարցրել է, թե ինչու ես իջել, նա էլ պատասխանել է, թե լավ եմ արել ու եղել է այն ինչ մասին արդեն բոլորը գիտեն»:

Սակայն կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ իրականում տղաների միջև շաբաթներ առաջ զորամասի մաքրության հետ կապված լուրջ տարաձայնություն է եղել, որը նրանց մեջ լուրջ նստվածք է թողել, և դա էլ, ըստ էության, դիրքերում դաժան հանգուցալուծման հետևանք է դարձել։