Home / Հայաստան / Վրաստանում հետաձգեցին մարիխուանայի ապաքրեականացումը

Վրաստանում հետաձգեցին մարիխուանայի ապաքրեականացումը

Վրաստանյան «Նոր քաղաքական կենտրոն ֊ Գիրչի» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գոգա Խաչիձեն զիջել է խորհրդարանական մեծամասնությանն ու հրաժարվել է մարիխուանայի ապաքրեականացման վերաբերյալ իր նախաձեռնությունից։ 2015 թվականի աշնանը պատգամավորը խորհրդարան էր ներկայացրել օրինագիծ, համաձայն որի մարիխուանայի օգտագործումը պիտի պատժվեր միայն վարչական տույժով։

Խաչիձեի առաջարկած փոփոխությունները, սակայն, դուր չէին եկել իշխող կոալիցիային, ու դրանց հարցով քվեարկությունը հետաձգվել էր երեք ամսով, իսկ փետրվարի 19֊ին պատգամավորը լրացումներ կատարելու նպատակով հետ է կանչել օրինագիծը։

Երկուշաբթի՝ փետրվարի 22֊ին, Խաչիձեն ներկայացրել է օրինագծի վերամշակված տարբերակը, ըստ որի՝ նախկինում վարչական տույժի ենթարկված անձանց կողմից մարիխուանայի օգտագործումը կշարունակի մնալ քրեորեն պատժելի հանցագործություն։ Հանցագործը, սակայն, ազատազրկման ու տուգանքի փոխարեն, կպատժվի տուգանքով ու ուղղիչ աշխատանքներով։