Home / Հայաստան / Գասպարին դիտորդներին խորհուրդ է տվել «վայելել պոնչիկով եվրոսեմինարները»

Գասպարին դիտորդներին խորհուրդ է տվել «վայելել պոնչիկով եվրոսեմինարները»

Քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին հրաժարվել է խոսել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամների հետ: Այս մասին ասված է Դիտորդական խմբի կողմից այսօր տարածված հայտարարության մեջ:

Համաձայն հաղորդագրության՝ Գասպարին միայն թուղթ է վերցրել հայտարարություն գրելու համար և խնդրել, որ այն տարածեն:

«ՀՀ ԱՆ-ին կից ՔԿՀ-ների դիտորդական խմբի ինձ 24.02.16թ. ժ 20։25 այցելելու մասին: Ձեր այցելությունն ինձ համար շատ վիրավորական և վրդովեցուցիչ է: Դուք ընդամենը հաստիքային իներցիոն սովետական իրավապաշտպաններ եք. պրոֆկոմի աշխատակիցներ: 2008 թվից հետո ու այսօր իմ գտնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բան ոչնչով չեք բարելավել, այլ բազմակի անգամ այն վատացել է, պրոբլեմները խորացել:

Իհարկե դուք միշտ կարող եք արդարանալ, որ եթե չանեիք այս ընթացքում ձեր արածը, վիճակը բազմակի անգամ վատ կլիներ: Սկզբունքորեն չեմ կարող հակաճառել… Իսկ ավելին գրել չեմ կարող. գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները: Հաջողություն»,-ասված է Գասպարիի հայտարարության մեջ։

Իրենց հերթին, դիտորդները նշում են, որ, համաձայն Դիտորդների Խմբի գործող Կարգի, Խմբի անդամներն, իրավասու են անարգել այցելել բոլոր քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը հասարակական վերահսկողության տակ պահել։

Խմբի գործունեության նպատակներն են՝

1) ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական ծառայության հիմնախնդիրները ներկայացնելը,

2) քրեակատարողական ծառայությունում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,

3) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,

4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

5) քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների, ինչպես նաև քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանը աջակցելը։

«Դիտորդական Խումբը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Վարդգես Գասպարիի պահման պայմաններին և անվտանգությանն առնչվող խնդիրները, վերջինիս առողջական վիճակը», ֊ ասված է Խմբի հայտարարության մեջ։