Home / Հայաստան / Գասպարին ցիտել է ադրբեջանցի քաղբանտարկյալին և պատմել ձայնազուրկ կալանավորների մասին

Գասպարին ցիտել է ադրբեջանցի քաղբանտարկյալին և պատմել ձայնազուրկ կալանավորների մասին

Շենգավիթ Վարչական շրջանում այսօր տեղի ունեցավ Վարդգես Գասպարիի գործով հերթական դատական նիստը։ Ոստիկանների ուղեկցությամբ շարունակական խոշտանգումների ենթարկված ամբաստանյալը ներկայացել է դատական նիստին «Նուրբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ոստիկանները թույլ չեն տվել փաստաբան Տիգրան Եգորյանին զրուցել պաշտպանյալի հետ՝ նշելով, որ նա կալանավոր է։ Եգորյանը, ներկայացնելով Վերքաննիչ դատարանի որոշումը, պահանջել է ոստիկաններին հեռանալ դատարանի դահլիճից, քանի որ Գասպարին այլևս կալանավոր չէ։ Ոստիկանները ենթարկվեցին դատավոր Նելի Բաղդասարյանի հրահանգից հետո միայն։

Նիստի հենց սկզբում դատավորը պնդել է, թե իբր ամբաստանյալը հրաժարվել է Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի պաշտպանությունից, և իրենք չեն կարող ներգրավված լինել դատական գործընթացներում։ Չնայած Վարդգես Գասպարիի պնդումներին, որ ինքը նման բան չի ասել և փաստաբանները երբեք չեն դադարել իր պաշտպանները լինելուց՝ դատավորը պահանջեց, որ վերջինս համաձայնի, որ Եգորյանն և Հակոբյանը ներգրավվեն դատական գործընթացների մեջ՝ որպես իր պաշտպաններ։

Եգորյանը մի քանի անգամ դատավորին հարցրեց, թե իրենք պետք է տեղափոխվե՞ն դահլիճի մյուս կողմ, թե ներգրավված են դատական գործընթացներում, սակայն դատավորն անտեսել է նրա հարցը: «Հարգելի դատավոր, դուք լսո՞ւմ եք, մեզ, մենք այստեղ ենք: Դուք մեզ տեսնո՞ւմ եք, հե՜յ »,- ասել է Եգորյանը: Սա բարկացրել է դատավորին և վերջինս ասել է, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու և վիրավորելու համար պետք է դիմի փաստաբանների պալատին՝ Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։

Փաստաբանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում կայացնելու համար դատավորը որոշեց գնալ խորհրդակցության սենյակ։ Դահլիճում ներկաները սկսեցին գոռալ «ամոթ» և ձեռքերով հարվածել պատուհանին։

Վարդգես Գասպարին դուրս է եկել նիստերի դահլիճից և լրագրողների հետ զրույցում միայն մեջբերել է ադրբեջանցի քաղբանտարկյալ իրավապաշտպանին․ «Ժամանակին բնութագրեց Լեյլա Յունուսը․ ինձ դարձրին գաղութի փոշի»։

Ընդմիջումից հետո Գասպարին դատարանում ելույթի ժամանակ ասել է, որ դատարանը օրինականության շրջանակներում չի կարողանում հակակշռել իր բողոքի արդար և օրինական դրսևորումներին և դրա համար որոշել է կալանավորել իրեն և տեղափոխել մի միջավայր, որտեղ չկան օրենքներ և ահռելի քանակով թմրանյութեր են շրջանառվում․ «Դուք ինձ փորձեցինք բերել ձեզ հարազատ միջավայր, որպեսզի ձեր հարազատ միջավայրում, ձեզ հարազատ միջոցներով փոխեք իմ քաղաքացիական դիրքորոշումը։ Ես չեմ կարող Ձեզ դատավոր անվանել, քանի որ դուք հանդես եք գալիս որպես՝ մեղադրող կողմ»։

Դատավորը ընդհատեց Գասպարիին և խնդրեց, որ ըստ էության խոսի և չվիրավորի դատարանին։ Դատավորի և Եգորյանի միջև նորից բանավեճ սկսվեց, ինչից հետո դատավորը հայտարարեց, որ նման պայմաններում նիստը չի կարող շարունակվել և դատը հետաձգվում է մինչև փետրվարի 29-ը։

Նիստի ավարտից հետո Գասպարին լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչ խոշտանգումների է ենթարկվել ՔԿՀ -ում։

Ըստ Գասպարիի՝ այդ մարդիկ սկզբում նորմալ էին, հետո հեռախոսով խոսեցին, ապա «այլանդակված դեմքերով հարձակվել» են իր վրա: «Պահանջում էին, թե վեր կաց, հաց կեր, էստեղ հացադուլի խուց չէ: Այնուհետև, խփելով, սեռական վերջին հայհոյանքներով… Ես պառկած էի մահճակալին, ոտքերով խփում էին ոտքերիս, տեղերը գիտեն, որ հետքեր չլինի: Ես գոռում էի, ու բավական բարձր այդ ցավերից։ Մեկը միջանցքից հարցրեց, թե ամեն ինչ նորմա՞լ է, անունով դիմեց խփողին, անունը չեմ հիշում։ Սա ասաց՝ հա, հա նորմալ է, կողքի խցից էլ ասեցին՝ նորմա՞լ է ամեն ինչ, սա ասեց՝ հա վերևի հետ համաձայնեցված է։ Ամեն ինչ արված էր մանրակրկիտ պլանավորված, որ ՔԿՀ-ի աշխատակիցները, պաշտոնյաները անում էին իրենց դերակատարությունը, և կրիմինալի մարդիկ իրենց դերակատարությունն էին անում:  Այն ահռելի ճնշումները, հատկապես հոգեբանական, նրանք իրականացրեցին, դժվար է ամեն ինչը մոռանալ, ես դեռ այդ բռնությունները ապրում եմ։ յդ երեք հոգին պարտադիր պետք է պատժվեն, նրանք ինձ նվաստացրել են, հողին հավասարեցրել։ Այդպիսի նվաստացումը, եթե եվրոպական դատանում վիճարկվի և հարցնեն, թե ինչ տույժ է պահանջվում, ես կառաջարկեմ 100 մլն դոլար կամ իրավիճակի փոփոխություն կալանավայրում: Հարյուր միլիոնը մի կողմ դնենք։ Թող Նուբարաշենը սպանդանոց չլինի, որ վիճակը փոփոխվի»:

Նա նաև նշել է, որ ՔԿՀ-ում գտնվող մարդիկ սարսափելի վիճակում են և վախի մեջ են ապրում․ «Այնտեղ սպանդանոց է, և ամեն օր բոլորը մեռնում ու նորից սաղանում։ Դու կարող ես տեսնել, թե ինչպես մարդիկ, ովքեր 5 րոպե առաջ քեզ հետ նորմալ խոսում էին՝ վերևից հրահանգ ստանալուց հետո վերածվում են գազանի։ Եթե իմ ձայնը գոնե լսող կա, նրանց ձայնը ոչ-ոք չի լսում: Այդ մարդիկ կորած մարդիկ են, և նրանք գիտեն, որ եթե չանեն իրենց հրահանգվածները, կրկնակի դաժանությամբ իրենց հետ կվարվեն: Միայն նախորդ տարի ՔԿՀ-ներում 5 մարդ ինքնասպանություն է գործել, սակայն դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել»:

Վերջին օրերին Վարդգես Գասպարին ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հետ նույն խցում է եղել, լրագրողների այն հարցին, թե ինպե՞ս էր Սաֆարյանը՝ նա պատասխանել է ․«Գևորգն ինձ ասաց, որ, եթե նման բան հարցնեն, ասեմ, որ ինքը դուրս կգա և կպատասխանի, թե ինչպես է»։

Գասպարին նաև նշել է, որ դեռ չգիտի, թե կշարունակի ընդիմանալ դատավոր Նելի Բաղդասարյանի քմահաճույքներին, թե ոչ․ «Ես դժվարանում եմ հիմա ասել, թե էլի կընդդիմանամ դատավորի քմահաճույքին, անօրինականություններին և չեմ ներկայանա նիստերին, թե չեմ ընդդիմանա, քանի որ չեմ ցանկանա նորից հայտնվել կալանավայրում և կտտանքների ենթարկվել»: