Home / Տեսանյութեր / Փող հավաքողը ռուսական դրոշի ֆոնին սպառնում էր առևտրականներին․ գործադուլը կշարունակվի

Փող հավաքողը ռուսական դրոշի ֆոնին սպառնում էր առևտրականներին․ գործադուլը կշարունակվի

տեսանյութը՝ ստորև

«Մնում ա մեր ապրանքները տանենք լցնենք գետը, մենք էլ թողնենք գնանք այստեղից»:  Միաբերան ասում էին այսօր «Մալաթիա» տոնավաճառի հարակից Րաֆֆի փողոցը  փակած տոնավաճառի մի քանի հարյուր առևտրականներ: Տոնավաճառի տաղավարների դռները առավոտվանից կողպված են:

Փողոց դուրս եկած շուկայի աշխատակիցների գլխավոր բողոքը տոնավաճառի տաղավարների բարձր վարձավճարների դեմ է: Շուկայում առևտուրը զգալիորեն պակասել է, բայց տաղավարների վարձավճարները չեն իջնում: «Տաղավարին տալիս եմ   145.000 դրամ, իսկ առևտուրս ամիսը հազիվ 100000 ա: Ես ի՞նչ անեմ, էդ վա՞րձը տամ, թե՞ տունս պահեմ»,- դժգոհում է տոնավաճառի աշխատող մի կին։

Բողոքի մասնակիցներից երեք հոգու բերման էին ենթարկել Ոստիկանության բաժանմունք: Epress.am-ի հետ զրույցում Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ բաժին տարվածների հետ բացատրական աշխատանքներ տանելուց հետո ազատ են արձակել:

Երկար ժամանակ փողոցը փակած առևտրականների հետ տնօրինությունից ոչ ոք  չիջավ հանդիպելու: Որոշ ժամանակ անց միայն տոնավաճառի աշխատակիցների նախաձեռնությամբ մի քանի հոգի գնացին հանդիպելու տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ, ում լիազորությունները սահմանափակվում են փող հավաքելով միայն։

Վերջինս ակնհայտորեն վիրավորված էր բողոքի դուրս ելած առևտրականներից: Ըստ Ավետիսյանի՝ արդեն անցել է նրանց հետ խոսելու ժամանակը: «Իմ գլխով անցել, փակել եք փողոցը, հիմա ես էլ ձեզ հետ խոսելու բան չունեմ»,- ասել է Ավետիսյանը:

Տնօրենը առևտրականների բողոքը լսելու փոխարեն՝ հանդիմանել է նրանց: Ըստ Ավետիսյանի՝ առևտրականներն են մեղավոր, որ շուկայի հաճախորդները պակասել են: Ֆիրմային խանութներում ավելի էժան գներ են, վստահեցրել է տնօրենը:

«Բայց մեր գլխին նենց վարձավճարներ եք դրել, էլ ո՞նց գները իջացնենք: Մեկը ես 10000 դրամ ինքնարժեք ունեցող ապրանքը 7000-ով  եմ տալիս, էլ ուր իջացնեմ: Մնաց ապրանքներս հավաքեմ, գնամ»,- Ավետիսյանի հետ հանդիպամանը ասել է առևտրականներից մեկը:

Տնօրենի հավաստիացումը, որ ադմինիստրացիան շուկայում առևտուրը և աշխուժությունը բարձրացնելու համար «նոր մարքետինգ» է անում, շուկայի հեղինակությունը բարձրացնող նոր գովազդային հոլովակներ են հրապարակելու,  առևտրականներին մեծ հույս չի տալիս: «Էդ եթե անգամ արդյունք էլ տա, շատ հետո կերևա, իսկ վաղը տաղավարի վարձի մուծելու օրն է, ես մի կոպեկ չունեմ»,- դժգոհում էր հուսահատ տղամարդը:

Այնուամենայնիվ նեղացած տնօրենը առևտրականերին հրավիրել է իր աշխատասենյակ: Սենյակը ճիշտ է նեղ էր ու անհարմար, սակայն  տնօրենի գրասեղանի ամենատեսանելի մասում՝ Հայաստանի եռագույնի կողքին դրված էր Ռուսաստանի դրոշը, իսկ գլխավերևի պատը ամբողջությամբ պատված էր սրբապատկերներով:

Սրբերի ֆոնին նստած տնօրենը հավաստիացնում է. ինքը միայն լավն է ուզում անել շուկայի համար, իսկ վարձավճարները իրականում թանկ չեն: Ինքը «որոշ զեղչեր դեռ այն ժամանակ» է արել:

Նույն կարծիքին չեն սակայն դրսում հավաքված առևտրականները: Եթե անգամ տնօրեն էլ ուզի, չի կարող շատ իջացնել վարձավճարները: Կառավարությունից, «վերևներից»  իրականում պետք է օգնեն առևտրականներին: «Էդ [տնօրենը-խմբ.] ընդամենը փող հավաքող ա, մենք սաղս էլ գիտենք, ումն ա էդ շուկան, վզներին դրել են,  թե էսքան փող պետք ա տաս ամիսը, դե մեզ էլ կթում են, որ էդ նալոգները տան»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Բանակցությունների արդյունքում տնօրենը որոշել է իջեցնել միայն այն առևտրակաների վարձավճարները, ովքեր մինչ այդ «զեղչի» տակ չէին ընկել։ «Բայց էդ մի քանի տասնյակ հոգու համար միայն, իսկ մեծամասնությանս համար փաստորեն նույն են մնում վճարները»,- դժգոհում էին տնօրենի աշխատասենյակում հավաքվածները: Այդ ժամանակ նեղացած տնօրենը առաջարկել է բոլորի վարձավճարները իջեցնել 20 հազարական դրամով, բայց այդ դեպքում ինքը այլևս «որևէ մեկի փոխարեն չի անելու  հաշվապահությունը»:

«Աշխարհում անվճար ոչինչ չի լինում, բայց մենք անվճար հաշվապահություն ենք անում: Ես հաշվապահությունը վերցրել եմ ինձ վրա, ձեր փոխարեն ես եմ վազվզում: Բայց յուրաքանչյուր աշխատանք իր գինն ունի, և ես չեմ պատրաստվում անվճար հաշվապահություն անել շուրջ 1000 մարդու համար: Ինքս իմ աշխատանքը այդքան եմ գնահատում: Երբ նրանք այդ չափն են վճարում, ես դա աշխատանքի մեջ եմ մտցնում»,- ասել է տնօրենը:

Փաստորեն, ըստ փող հավաքողի, մինչև այսօր ինքն էր կազմակերպում տոնավաճառի հաշվապահական գործերը: Եվ այդ 20000 հազարական դրամները տնօրենը վերցրել է հաշվապահական ծախսերը հոգալու համար: Եթե, ըստ տնօրենի, 400-600 աշխատակից կա տոնավաճառում ապա միջինը ամսական միայն հաշվապահական ծախսերի  համար նա վերցնում է մոտ 10 միլիոն դրամ:

«Մի տեսակ տնօրենը մեզանից վրեժ է ցանկանում լուծել, որ բողոքում ենք: Թվում ա 20 հազար իջացնում ա, բայց դե նույն բանն ա գալիս, հաշվապահի ծախսերն էլ մենք ենք անում: Իր ասելով բայց հաշվապահը ձրի ա: Էդ դեպքում դե էդ թող ձրի մնա, 20000 էլ բոլորից իջացնի: Դուրս չի՞ գալիս, որ վրեժն ա լուծում»,- տնօրենի հետ հանդիպումից հետո ասել է առևտրականներից մեկը։

Ըստ էության, տնօրինությունը մերժել է վարձավճարներն իջեցնելու աշխատակիցների պահանջը: Առևտրականները դժգոհ են և համոզված, որ այսօր էլ վաղն էլ չեն աշխատի և բողոքի ակցիաների միջոցով իրենց ձայնը լսելի կդարձնեն: