Գլխավոր / Հայաստան / Ծուղակային խաչմերուկների հաշվին ապահովագրողները գումարներ են շորթում

Ծուղակային խաչմերուկների հաշվին ապահովագրողները գումարներ են շորթում

Ապահովագրական ընկերությունները մարդկանց գռփում են, բայց վթար լինելիս չեն հատուցում: Այսօր Էրեբունի թաղամասում «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները և շորթումները» կարգախոսով հավաքված մարդիկ բողոքում են ապահովագրական ընկերությունների կամայականությունների դեմ:

Կոնկրետ Աթոյան և Արեշի 8 խաչմերուկում հավաքվելը, ըստ վարորդների, պատահական չէ: Ինչպես մի խաչմերուկ վերև՝ Այվազովսկի և Աթոյան, այնպես էլ այս խաչմերուկում հաճախ են լինում վթարներ: Ըստ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի՝ ինչպես այստեղ, այնպես էլ Երևանի շատ խաչմերուկներում տեղադրված չեն գլխավոր և երկրորդական ճանապարհները ցույց տվող նշանները, և այդ պատճառով էլ հատկապես այդ տեղերում են վթարները հաճախ տեղի ունենում: Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՊՊԱ գործակալները «շատ վարպետությամբ» օգտվում են այդպիսի ծուղակային խաչմերուկներից, իրավիճակներից և իրենց քմահաճույքով որոշումներ են իրականացնում և գումարներ շորթում:

«Շատ հաճախ նրանց, ում ձեռ է տալիս, նրան էլ մեղավոր են հանում: Հաճախ, երբ թանկ և էժան մեքենաներ են իրար բախվում, նրանք մեղավոր են հանում թանկ մեքենայի տիրոջը, որովհետև էժան մեքենա սարքելը ավելի թեթև ա իրանց վրա նստում», — պնդում է Հովհաննիսյանը:

Խաչմերուկում հավաքված վարորդները գանգատվում են նաև ապահովագրական ընկերությունների տրամադրած գներից: Եթե վթարի մասնակից դարձած մեքենայի վարորդը համաձայնվում է առաջարկվող գումարին, ապա քննարկումներ են իրականացնում ԱՊՊԱ գործակալները, եթե չեն համաձայնվում, մեքենան տանում են տուգանային հրապարակ: Ճանապարհային ոստիականության հրապարակից մինչև հաշտարար տևում է մի քանի ամիս: Այդ ընթացքում վարորդները չեն կարողանում իրենց մեքենաներից օգտվել և ստիպված համաձայնում են ապահովագրական ընկերությունների առաջարկած չնչի գումարին, որ մեքենան շուտ վերցնեն:

«Առաջարկում ենք, որ համակարգը փոփոխության ենթարկի և կրճատվեն հատուցման չափերը: Տուգանային հրապարակներում թող շատ հետաքննիչ աշխատի: Իսկ եթե չեն կարողանում ապահովագրական ընկերությունները աշխատեն, թող մեզ ասեն սննկացել են կամ էլ թող մեկ ԱՊՊԱ գործի Հայաստանում: Թող տուգանային հրապարակներ կառուցեն ու փորձագետներ աշխատեն, թող արագ լինի ամեն ինչը, ոչ թե ամիսներ սպասենք», — դժգոհում են վարորդները։

Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ եկող շաբաթ՝ հինգշաբթի օրը, իրենք՝ տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչներով, հավաքվելու են Կառավարության շենքի մոտ՝ հանդիպելու վարչապետին, որ քննարկեն ապահովագրական ընկերությունների հարցերը և տրանսպորտը ճգնաժամից հանելու համար հանձնաժողով ստեղծվի: