Գլխավոր / Տեսանյութեր / Շուշան Պետրոսյանին կարելի է սպառնալ համաքաղաքացիներին. նա վաստակավոր է

Շուշան Պետրոսյանին կարելի է սպառնալ համաքաղաքացիներին. նա վաստակավոր է

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին փոքր տարիքում մեծերը շատ են ասել «լակոտ», «աչքերդ կհանեմ», բայց դա, ըստ պատգամավորի, խրատ է և ընդունելի է իր համար։ Այսօր հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովը խախտում չի համարել հանրապետական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի արարքը և որոշում է ընդունվել գործը կարճել։

Հարությունյանի խոսքով՝ «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտությամբ Պետրոսյանը փորձել էր սաստել ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի «մտքերի ընթացքը»։

Միջադեպը, ըստ Հարությունյանի, ճիշտ է, հրապարակային է եղել, սակայն դա միջանձնային խնդիր է և իրենց հանձնաժողովի հետ կապ չունի, և, եթե Գայանե Շահինյանը ցանկանում է, կարող է դիմել դատարան։

«Ո՞նց, դուք մտածում եք՝ Շուշանը իրոք գնալու էր նրա աչքերը հաներ։ Դե խրատել է ուղղակի։ Ես շատ փաստաբանների հետ եմ խոսել, և բոլորը միաբերան փաստում են, որ տվյալ պարագայում, հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը՝ որպես մշակույթի մարդ, չի կարելի նրա խոսքերը որակել որպես սպառնալիք։ Նրա խոսքերը, ինչպես Շուշանն է ասում, և մենք էլ ընդունում ենք, նման փորձերը կտրուկ սաստելու համար են եղել։ Հանձանաժողովը, ելնելով այս ամենից, գտել է, որ Շուշանի խոսքերը չեն հակասում օրենքին, նրա նպատակը եղել է սաստել, մենք կարճում ենք գործի վարույթը, որևէ որոշում չենք կայացնում»,- ասել է պատգամավորը։

Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին, Էթիկայի հանձնաժողովի նախագահն ինքը վիրավորական արտահայտություն է թույլ տվել ԶԼՄ ներկայացուցչի հասցեին, երբ վերջինս ցանկացել է ճշտել, թե արդո՞ք «լակոտ, աչքերդ կհանեմ» անպատժելի արտահայտությունն այսուհետ նորմալ կհամարվի բոլոր պատգամավորների համար։ «Շատ հիվանդ երևակայություն ունես, որ իմ ասածն այդպես ես մեկնաբանում»,- պատասխանել է իշխող կուսակցության պատգամավորը։

Հարությունյանը նշել է, որ «մեր բանակի մասին այդպիսի խոսքեր ասել չի կարելի», և նկատողություն են արել այդ թեմայով՝ «այն էլ մշակույթի վաստակավոր անձի կողմից» և դա նորմալ է։ «Եթե մի «աննշան» մարդ մի վաստակավոր մարդու ասի աչքերդ կհանեմ, այդ դեպքում դա իրոք վիրավորանք է»,- կարծում է Հարությունյանը։

Նրա խոսքով` հանձնաժողովի անդամներից 4 հոգի կողմ են քվեարկել այս որոշմանը և մեկ հոգի՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից՝ ձեռնպահ։

Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկ այլ օգտատիրոջ «լակոտ» էր անվանել՝ Պաշտպանության նախարարի մասին կարծիք հայտնելու համար։ Օգտատերն Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում եմ ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»: Պատգամավորը, ի պատասխան, ասել էր․ «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում էր ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու հարցով։