Home / Հայաստան / Ընտրական նոր օրենսգիրքը օլիգարխ-ֆեոդալների համար է

Ընտրական նոր օրենսգիրքը օլիգարխ-ֆեոդալների համար է

Ընտրական նոր օրենսգրքի կազմության ժամանակ իշխանությունը չի ապահովել ներառական համագործակցությունը։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպած ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Հավաքվում են մի խցում ու որոշումներ ընդունում։ Բայց նման խցային մոտեցումն անընդունելի է»,- հայտարարել է իրավապաշտպանը։

Սաքունցը նկատել է, որ իշխանությունների ներկայացուցիչներից ոչ մեկը ներկա չէ քննարկմանը, և դա «խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն ապահովում քաղաքական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումը ընտրական գործընթացներում, որը, սակայն, օրենքի լուրջ խախտում է»:

«Այսօրվանից արձնագարում ենք, որ իշխանությունները չեն ապահովում ներառական գործընթաց։ Հարկ էլ չեն համարել, որ գան ու ծանոթացնեն նախագծի որոշ դրույթների հետ»,- հայտարարել է Սաքունցը։

Վերջինիս դիտարկմամբ՝ սա լինելու է ամենախայտառակ ընտրական օրեսգիրքը։ «Անունով դա պառլամենտական է, բայց լինելու է մեծամասնական։ Հանրապետության տարածքը բաժանում են օլիգարխ-ֆեոդալների ազդեցության տարածքների, և ով շատ ձայն հավաքեց, առաջին տեղն է գրավելու։ Դե, մենք գիտենք, ոնց են այդ ձայները ապահովելու։ Մտահոգություն կա, որ պառլամենտարիզմը Հայաստանում կվարկաբեկվի»,- ասել է իրավապաշտպանը։

Նման վիճակի պատճառն, ըստ բանախոսի, այն է, որ նախագիծը ներկայացնում են «մի գիշերվա ընթացքում ձվածեղ ուտողները»։ Սաքունցը առաջարկել է հարցի իր լուծումը․ քանի որ իշխանությունները համագործակցելու քայլ չեն անում, այլ միայն հրապարակելուց հետո ասում «առաջարկություններ ներկայացրեք», իրենք՝ տարբեր հասարակական կազմակերպությունները, չպետք է սպասեն, այլ առաջարկեն իրենց նախագծերը։