Home / մարտի-1 / Մարտի 1․ ինչպես ներգրավեցին բանակը

Մարտի 1․ ինչպես ներգրավեցին բանակը

Փաստահավաք խմբի տրամադրության տակ եղել են բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ և այլ ապացույցներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նախքան «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիներն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաև մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին, ինչը արգելված է եղել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Այս մասին նշվում է Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ Մարտի 1-ի դեպքերին ՀՀ զինված ուժերի ներգրավվածությանն առնչվող զեկույցում, որը հրապարակվել է 2010 թվականի մայիսի 14-ին` այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թվականի հունիսին կասեցրել է Խմբի գործունեությունը։

Զեկույցի հեղինակները, մասնավորապես, ընդգծում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը (հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում), որի համաձայն «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով։ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ»:

Մամուլում հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010 թ. մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության կապիտալ շիանարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման:

«Ինչպես հայտնի է, փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում չի իրականացվել, չի արձանագրվել նաև զինված հարձակման անմիջական վտանգ, առավել ևս` որևէ պետություն Հայաստանին պատերազմ չէր հայտարարել: Ավելին, երկրում ռազմական դրություն հայտարարված չէր: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական կառավարման նոր կառույցի ձևավորման, ստորաբաժանումների տեղաշարժի որևէ հրաման չէր կարող հիմնավորվել «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով» ձևակերպմամբ:

ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն` Երևանում ձևավորել զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկեցրել է ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ-ի գրեթե բոլոր կարեւորագույն վարչություններն ու բաժինները, ընդունել է զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման որոշում: Պատահական չէ, որ հրամանում վկայակոչված չէ ոչ սահմանադրության, ոչ էլ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ կամ դրույթ:

Պնդում ենք, որ այս հրամանի և ԶՈՒ ստորաբաժանումների տեղաշարժի մասին ՀՀ նախագահը չէր կարող անտեղյակ լինել: Առավել հավանական է, որ այդ հրամանն արձակվել է նրա բանավոր կարգադրության հիման վրա», ֊ մասնավորապես, նշում են Փաստահավաք խմբի 2 անդամները:

Քոչարյանն ու Սաֆարյանն ընդգծում են՝ այն մասին, որ բանակն արդեն ներգրավված է եղել ներքաղաքական գործընթացներին մինչև «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հակասահմանադրական հրամանագրի հրապարակումը, վկայում են մի շարք փաստեր.

ա. Մարտի 1-ին, ժամը 16.09-ին ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

բ. Մարտի 1-ին, ժամը 16.11-ին ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

գ. Մարտի 1-ին, ժամը 16.27-ին Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով: Երևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողական ավտոմեքենան նույնպես այդտեղ է: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

դ. Մարտի 1-ին, ժամը 18.14-ին Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ ավտոտեխնիկայով: Վկայակոչվածը հաստատվում է տեսաժապավեններով և լուսանկարներով:

2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Հետագայում քննչական մարմինները և դատարանները չանդրադարձան օրենքի խախտումները բացահայտող փաստերին։ Օրենքի բազմաթիվ խախտումների մասին վկայում են Մարտի 1-ի իրադարձությունները քննելու համար ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ներկայացրած զեկույցները, որոնցում ընդգրկված փաստերն արտացոլվել են Տիգրան Պասկևիչյանի և ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։ Այսօր՝ Մարտի 1-ի 7-րդ տարելիցի օրը, Epress.am֊ը մի քանի հոդվածներով անդրադառնում է զեկույցներում և «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ներկայացված փաստերին։ Նշենք, որ մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն ամբողջությամբ՝ այստեղ