Home / Հայաստան / «Էլ օրենք չեք ստանա»․ Բագրատյանը կոչ արեց «չիշիկ չանել» Սահմանադրության վրա

«Էլ օրենք չեք ստանա»․ Բագրատյանը կոչ արեց «չիշիկ չանել» Սահմանադրության վրա

Ինչու՞ է Հայաստանն արդեն 3 ամիս ապրում արտասահմանադրական միջավայրում, երբ ՀՀԿ-ն կուրծք ծեծելով պաշտպանում էր նոր Սահմանադրությունը։ ԱԺ-ում այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 2015թ. տարեկան ծրագրի քննարկման ժամանակ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական Վարդան Այվազյանին նման հարց է ուղղել ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։

Վերջինս դժգոհ էր, որ Շաբոյանը ԱԺ չի բերել նաև օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում է, թե ով է մոնոպոլիստը, և օրենքով որոշվում է, թե նրանից ինչքան շահույթ է մուտքագրվում բյուջե։

«Երբ խոսում էինք ընտրական օրենսգրքից, ասում էիք՝ ո՞նց ընտրություններից հետո ցուցակը տպենք, վայ, Սահմանադրությունը կխախտվի։ Բա ո՞նց ա 3 ամիս խախտում եք օրենքը, ո՞նց ա չեք ասում՝ Շաբոյան (ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը ֊ խմբ․) էս ի՞նչ ծրագիր ես բերել, դրա հետ օրենքների նախագիծ բերեիր։ Չի կարելի չիշիկ անել Սահմանադրության վրա, դաժե ձեր ընդունած Սահմանադրության վրա։ Ես ձեզ ախպերավարի խնդրում եմ, որ չասեք, թե գին կարա փոխվի, եթե աշխատավարձ ա փոխվել, ներկրում ա փոխվել։ Ո՛չ, ՀՀ սահմանադրության մեջ գրված է՝ շուկայական սոցիալական տնտեսություն, այսինքն՝ գինը, առաջին հերթին, կարող է փոխվել պահանջարկի և առաջարկի հիմման վրա, և, խնդրում եմ, հիշեք դա», – ասել է Հրանտ Բագրատյանը։

Մինչ պատասխանի համար Այվազյանին խոսք տալը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խնդրել է Բագրատյանին «ավելի կոռեկտ ձևակերպել քննադատությունը»։

Հարակից զեկուցող Այվազյանն էլ վրդովվելով Բագրատյանի ձևակերպումներից պատասխանել է․ «Ես իսկականից կրակն եմ ընգել։ Ինչ 1993-1995֊ի հետ չի կապված, Ձեր համար աբսուրդ ա։ 100 հոգով քվեարկած օրենքին ասում եք՝ աբսուրդ ա, այսինքն՝ էդ 100-ը սխալ են, մեջների միակ ճիշտը Դուք եք։ Հասկանում եմ՝ արդեն ընտրություններ են մոտենում, չափառից պիտի թռնեք, բայց 5 տարվա պատգամավոր եք1 անգամ առաջարկություն չեք արել, որ ի գիտություն ընդունելու փոխարեն քվեարկեինք, ընդունեիք օրենքը։ Իսկ էդ Սահմանադրոթյունն իմն ու ձերն ա, ու դա մեծ հարց է, թե դրանից ով է ավելի շատ օգտվելու՝ ես, թե՞ դուք։ Հասկացանք՝ ընտրությունները մոտենում են, ով ոնց ոզում բան ա անում։ Այ քեզ բան»։

Բագրատյանը, իր հերթին, հորդորել է Վարդան Այվազիանին դեմագոգիայով չզբաղվել, այլ կոնկրետ հարցերին պատասխանել․ «Իսկ, որ ասում եք օրենքները գրեք, բերեք… էլ օրենք չեք ստանա, որովհետև 33 օրենք (ՀԱԿ խմբակցությունը) բերեցինք, ինչքանը ընդունվեց՝ տեսանք։ Կամ չեք ընդունում, կամ սառեցնում եք, հետո դուք եք ներկայացնում։ Ինչ վերաբերում է ընտրություններին՝ ինչքան տեսնում եմ դուք եք ոգևորվել ընտրութունների գալով, մենք դեռ չենք էլ որոշել՝ մասնակցելու ենք, թե չէ»։