Home / Հայաստան / Դատարանը մեղավոր է ճանաչել ԱԱԾ-ի նախկին աշխատակցին, սակայն ազատ է արձակել նրան

Դատարանը մեղավոր է ճանաչել ԱԱԾ-ի նախկին աշխատակցին, սակայն ազատ է արձակել նրան

Դատարանը մեղավոր է ճանաչել ԱԱԾ նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանին պաշտոնեական լիազորություներն անցնելու մեջ, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նրան ազատել է քրեական պատասխանատվությունից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում մեղադրող Ա. Շահբազյանն իր ճառում նշել է, որ դատաքննության ընթացքում հիմնավորվել է Մազմանյանի մեղքը։

Վերջինս աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում որպես ավագ օպերլիազոր։ 2007 թ. նոյեմբերի 1-ին, ժամը 20։00-ի սահմաններում մաքսանենգության փորձ կատարելու կասկածանքով նա Կ. Քյուփելյանին «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման ենթարկելուց հետո պահել է նրան օրենքով սահմանված 3 ժամից ավել՝ մինչև նոյեմբերի 2-ը` ժամը 09։00-ի սահմանները՝ անցնելով պաշտոնեական լիազորությունները։

Ամբաստանյալ Մազմանյանն իր վերջին խոսքում նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում կատարված արարքի մեջ։

Այսօր դատարանի հրապարակված դատավճով Մազմանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի կատարման մեջ, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նա ազատվել է քրեական պատասխանատվությունից: