Home / Հայաստան / Ինչու է հայկական արտադրության ցեմենտը Վրաստանում ավելի էժան վաճառվում. «ՀԺ»

Ինչու է հայկական արտադրության ցեմենտը Վրաստանում ավելի էժան վաճառվում. «ՀԺ»

«Արարատցեմենտ» ընկերության արտադրանքը 1.7 անգամ ավելի էժան է Վրաստանում, քան Հայաստանում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«ՀԺ»-ն հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է, որ «Արարատցեմենտ» գործարանում արտադրված 50 կիլոգրամանոց ցեմենտի պարկի վրա գրված է 9 լարի, որը հավասար է մոտ 1880 դրամի:

«Պետք է հաշվի առնել, որ վաճառողը առաջարկել է այն գնել 8.5 լարիով, այսինքն՝ 1770 դրամով: Իսկ Հայաստանում նույն փաթեթավորմամբ ցեմենտը արժի 3200 դրամ, «շատով առնելու» դեպքում՝ 3100 դրամ: Այլ կերպ ասած նույն ապրանքը Հայաստանում 1.7 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանում» , – գրել է թերթը:

Հայկական արտադրանքը Հայաստանից Վրաստան հասնելուց հետո, եզրակացնում է թերթը, պետք է մի քիչ ավելի թանկ լիներ, քան Հայաստանում, քանի որ ապրանքի գնին բոլոր հավասար պայմաններում գումարվում է նաև ճանապարհածախսը: Բայց այդ ճանապարհածախսը գումարվելուց հետո Վրաստանում «Արարատցեմենտի» արտադրանքը ավելի էժան է լինում:

«Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ Վրաստանի մեծածախ շուկայից «Արարատցեմենտի» արտադրված ցեմենտը գնելու և Հայաստան ներկրելու դեպքում այն 20-25 տոկոսով ավելի էժան կլինի, քան այն գինը, որով ներկայումս է վաճառվում Հայաստանում: Այս աբսուրդը բացատրվում է նրանով, որ եթե որևէ «պատահական» գործարար փորձի էժան ցեմենտ ներկրել Հայաստան, ապա դա խիստ կնյարդայնացնի «Արարատցեմենտի» սեփականատիրոջը՝ Գագիկ Ծառուկյանին: Այդ իսկ պատճառով շուկան փակ է «պատահական» գործարարների առաջ, որպեսզի մեր օլիգարխները կարողանան արխային «հաբռգել»… Քանի որ մեզ մոտ գործում է օլիգարխիկ տնտեսության տրամաբանությունը, մոնոպոլիստները որևէ սահմանափակման չեն հանդիպում» , – գրել է «ՀԺ»-ն:

Հոդվածն ամբողությամբ՝ թերթի այսօրվա համարում