Home / Հայաստան / Մոսկվան չի վերացնի Վրաստանի հետ վիզային ռեժիմը

Մոսկվան չի վերացնի Վրաստանի հետ վիզային ռեժիմը

Մոսկվան չի պատրաստվում վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից առաջ երեկ Պրահայում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Մենք դա չենք կարող անել՝ մի շարք նկատառումներից ելնելով, այդ թվում՝ անվտանգության։ Պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, սակայն ներկայումս դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,֊ ասել է պաշտոնյան։

Կարասինն այնուհետև հայտարարել է, որ Թբիլիսիում աճել է հակառուսական հռետորությունը․ «Այսօր Վրաստանի համար հիմնական սպառնալիքը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են ու հակառուսական հռետորաբության անհերքելի աճը, ինչը լսելի է թե՛ Թբիլիսիում, թե՛ միջազգային հարթակներում՝ հասարակական գործիչների շուրթերից։ Ամենացավալին մեր երկկողմ հարաբերություններում այն է, որ նման հռետորությունը հնչում է Վրաստանի պաշտոնյաների կողմից, նախարարների ու անգամ՝ նախագահի։ Մենք, բնականաբար, դրան ուշադրություն ենք դարձնում, փորձում ենք չպատասխանել խայթողներին, բայց, միևնույն է, հետևություններ ենք անում։ Իրավիճակն այժմ այսպիսին է՝ կա՛մ վերադառնում ենք դիմակայությանը, կա՛մ շարունակում ենք հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»։

Նույն օրը ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես է եկել Վրաստանի վարչական Գեորգի Կվիրիկաշվիլին․ «Քննարկելով Վրաստանում տիրող տրամադրությունները՝ ռուսաստանցի քաղաքական գործիչները, հավանաբար, պետք է ուշադրություն դարձնեն սեփական մոտեցումներին։ Հարաբերությունները, որոնք կկառուցվեն Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնավարության հիման վրա, կդառնան հարաբերությունների կարգավորման երաշխիքը։ Մենք պետք է փորձենք, բայց, բնականաբար, ոչ մեր արտաքին վեկտորի ու տարածքային ամբողջականության հաշվին»։