Գլխավոր / Տեսանյութեր / Առաքելական քահանաները ձեռնոց են նետում բնության օրենքներին

Առաքելական քահանաները ձեռնոց են նետում բնության օրենքներին

Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Լևոն Նադարյանը ծիրանի և խաղողի այգիները չի ոռոգում և ցրտերից առաջ չի ծխահարում։ Սուրենավանցին այգիները պաշտպանում է աղոթքով, օրհնությամբ ու հավատով, գրում է «Արմենպրես» պետական տեղեկատվական գործակալությունը:

Մարտի 17-ին Դալարի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը և Արարատ գյուղի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը Նադարյանի ծիրանի և խաղողի այգիներում կատարել են օրհնության կարգ:

«Հոգևորականները խնկարկեցին և օրհնեցին պտղատու այգիները` Աստծո օրհնությունը խնդրելով ծառերին, ծիլերին, սերմերին: «Քո առատ ողորմությունը տուր հողի մշակներին, ով Տեր, որպեսզի առատ բերք հավաքեն, որ կարկտաբեր ամպերը ցողի վերածվեն, իսկ քամին ու ցուրտը` մեղմ զեփյուռի», — իրենց աղոթքում նշեցին Արարատյան հայրապետական թեմի հոգևոր այրերը: Սեփականատեր Լևոն Նադարյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, որ նա այգին օրհնելու համար հրավիրում է Տեր Եփրեմ քահանա Հարությունյանին: Եվ իր իսկ խոսքերով` Աստծո զորությամբ, ամեն տարի 2 հա ծիրանի այգուց ստանում է 25-30 տոննա բերք, այն դեպքում, երբ հարեւան պտղատու այգիներն ընդհանրապես ծիրան չեն ունենում, կամ նույն մակերեսով այգի ունեցողները ստանում են 500 կգ բերք: Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը դրվատանքի խոսքեր ասելով Նադարյանների ընտանիքի հավատի մասին, ընդգծեց, որ վաղուց գիտի այդ ընտանիքին․ «Իսկ ընտանիքի մեկը հազար է դառնում շնորհիվ նրանց անսասան հավատի»», ֊ փոխանցում է «Արմենպրեսը»:

axotk1

Ինչպես նշում է գործակալությունը, Նադարյանը «մեծ հավատով» ասել է, որ այգիները չի ծխահարում է, եւ ոչ էլ ոռոգում է․ «Ամենակարևորն արդեն արել եմ, և սպասում եմ առատ բերքի»:

Սուրենավան համայնքից հետո եկեղեցականներն օրհնել են նաև Արմաշ գյուղի պտղատու այգիները: