Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրությունը մասամբ հորինված է

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրությունը մասամբ հորինված է

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Civilnet.am կայքում անդրադարձել է Հայաստանի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրությանը, որում հայտնաբերել է մի շարք սխալներ։

– Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, որ «1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն»: Չակերտներում առնված հատվածը վիճարկելի է, եթե չասենք՝ չի արտահայտում իրականությունը:

Նախ, Արցախում «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» կառույց չի եղել երբեք: Չկա այնպիսի փաստաթուղթ, որի վրա գրված լինի «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե»: Արցախում եղել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակ, որի առաջին հրամանատարը եղել է Արկադի Կարապետյանը, ժողովրդի շրջանում ավելի հայտնի «Դաշնակ Ագո» անունով:

1991-ի դեկտեմբերի վերջերին Արցախում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում չճանաչված երկրի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը ՀՅԴ-ից: Քանի որ Արցախում չկար նախագահի պաշտոն, Մկրտչյանը երկրի փաստացի առաջնորդն էր:

Դա, անշուշտ, չէր կարող բավարարել Հայաստանում նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս, գաղափարական խոր հակասություններ ունենալով ՀՅԴ-ի հետ, Արցախում առաջ էր մղում ՀՀՇ տեղական ցանցի երկու առաջնորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

1992-ի հունվարին կազմվեց Արցախի կառավարությունը: Առաջին վարչապետ Օլեգ Եսայանի կառավարության կազմում Սերժ Սարգսյանը նշանակվեց Պաշտպանության կոմիտեի ղեկավար: Եթե Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» ասելով՝ նկատի ունեին այս պաշտոնը, ապա այդ դեպքում նա ոչ թե 1989-1993-ին է զբաղեցրել այդ պաշտոնը, այլ ընդամենը 7 ամիս՝ 1992-ի հունվար-օգոստոս ամիսներին:

1992-ի օգոստոսի 10-ին Արցախում լուծարվել էր կառավարությունը և փոխարենը մի քանի օր անց ստեղծվել էր Պաշտպանության պետական կոմիտեն՝ ՊՊԿ-ն, որը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը: Յոթ հոգուց կազմված այդ մարմնում Սերժ Սարգսյանը նշանակվեց բանակի նախարար, իսկ Սամվել Բաբայանը՝ բանակի հրամանատար: Բոլորին է հայտնի, որ Սամվել Բաբայանն էր ինքնապաշտպանության ուժերի փաստացի հրամանատարը: Ավելին, Բաբայանի և Սարգսյանի հարաբերությունները հարթ չէին, և երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993-ի օգոստոսին Սերժ Սարգսյանին հրավիրեց Հայաստան, որպեսզի նա զբաղեցնի Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, Սարգսյանը Երևան եկավ ոչ թե Ստեփանակերտից, այլ Մոսկվայից, որտեղ անցկացրել էր մի քանի ամիս:

Սերժ Սարգսյանի կենսագիրները «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» ասելով՝ ենթադրաբար նկատի են ունեցել Արցախի ընդհանուր պաշտպանական համակարգը, որի կազմում ներգրավված են եղել մի շարք զորահրամանատարներ և քաղաքական գործիչներ, որոնց թվում՝ Սերժ Սարգսյանը: Վերջինիս Հայաստան տեղափոխվելուց հետո պաշտոնական փաստաթղթերում Արցախի պաշտպանական համակարգի ղեկավար Սամվել Բաբայանը կրել է «ԼՂ պաշտպանության նախարար» և կամ «ԼՂ բանակի հրամանատար» եզրերը:

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա «1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական»: Թե ինչու է հատուկ նշվել Պողոսյանի անունը, բացատրելի է: Երկար ժամանակ, անգամ մինչև այժմ, գրվում է, որ Սերժ Սարգսյանը եղել է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը: Որպեսզի այդ շփոթը տեղ չգտնի, Սարգսյանի կենսագրականում հատուկ տեղ է գտել Պողոսյանի անունը:

Այսպիսով, մինչև 1988-ը Սերժ Սարգսյանը եղել է կոմունիստ: Ըստ պաշտոնական կենսագրության՝ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ»:

Պաշտոնական կենսագրության մեջ որևէ խոսք չկա այն մասին, որ Սարգսյանը եղել է նաև Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ: 1989-ի նոյեմբերին, երբ կայացավ ՀՀՇ առաջին համագումարը, Սերժ Սարգսյանը պատվիրակ էր Արցախից:

նյութն ամբողջությամբ` civilnet.am-ում

լուսանկարը՝ ՀՀ նախագահի կայքից