Home / Հայաստան / Գասպարիի գործով դատավորը՝ «հիստերիկ ու նյարդային»․ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Գասպարիի գործով դատավորը՝ «հիստերիկ ու նյարդային»․ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն նշանակելու կարիք կա: Այս մասին այսօր Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս, ասել է նախկին քաղբանտարկյալ, ինժեներ, տարբեր քաղաքացիական ակցիաների մասնակից Վարդգես Գասպարիի փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Նիստերին դատավորի պահվածքը, ըստ Հակոբյանի, կասկածներ է առաջացնում վերջինիս հոգեկան առողջության վերաբերյալ:

Փաստաբանի վկայակոչմամաբ՝ մասնավորապես դրա վկայություններն են դատավորի կողմից «հակասական, փոփոխական, անհավասարակշիռ, կոնֆլիկտային, նյարդային և հիստերիկ գնահատվող տարբեր դրսևորումները»:

Բաղդասարյանը, սակայն, ընդհատել է փաստաբանին՝ նշելով, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորում, և որոշում է կայացել Հակոբյանին կարգապահական տույժ նշանակելու պահանջով դիմել Փաստաբանների պալատ:

Գասպարիի մեկ այլ փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրել է դատավորին ինքնաբացարկի միջնորդության հիմքերը:

«Ստեղծվել է իրավիճակ, որում պաշտպանական կողմի և առավել ևս ամբաստանյալի նկատմամբ կիրառվում են իրավունքի սահմանափակումներ, սանկցիաներ և խափանման միջոցներ, որոնք, կարծես, ինքնանպատակ են և նախագահողի քմահաճույքի արդյունք` անկախ նրանից օրենքով նախատեսված են թե ոչ, որոնց մասին վերջինս նույնիսկ չի տեղեկացվում Դատարանի կողմից։ Պաշտպանական կողմին չեն տրամադրվում իրավունքներին առնչվող որոշումները, չեն պարզաբանվում կիրառված սահմանափակումների, սանկցիաների իրավական և փաստական հիմքերը և որ ամենից կարևորն է դրանք համաչափ չեն և չեն հետապնդում իրավաչափ նպատակ: Ձեր գործողությունները, մասնավորապես` մեկ բերման ենթարկելու միջոցով և նույնիսկ խափանման միջոց կիրառելով դատական նիստերին Գասպարիի ներկայությունը ապահովելու պատճառաբանությունը, մեկ նրան այդ դատական նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկելը` վերջինիս հեռացնելու միջոցով, խոսում են այն մասին, որ Դուք այլևս չեք կողմնորոշվում` ինչպես վարել նիստը, Դուք ուղղակի խճճվել եք:», – հայտարարել է Եգորյանը:

Նշենք, որ մինչ դատավորը նիստը ընդմիջել է կես ժամով՝ քննելու Հակոբյանի նկատմամբ դատական սանկցիաներ կիրառելու հարցը, չնայած Տիգրան Եգորյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ կարող է այսօրվա նիստին ներկա գտնվել մինչև 12:00֊ն՝ նախապես ունեցած պայմանավորվածության պատճառով։ Եգորյանն ու Հակոբյանը չեն սպասել նիստի վերսկսվելուն և հեռացել են դատարանից:

Դատավորը, սակայն, որոշել է նիստը շարունակել՝ առանց Գասպարիի պաշտպանների ներկայության: Մեղադրյալը, իր հերթին, հրաժարվել է առանց իր փաստաբանների շարունակել դատական նիստը և նույնպես հեռացել է նիստերի դահլիճից:

Բաղդասարյանը հայտարարել է, որ մերժում է փաստաբանի ներկայացրած ինքաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: