Home / Տեսանյութեր / «ՄԻԱՎ-ով ապրողներին տրամադրվող փողերը կառավարում է նախարարի ընտանիքը»

«ՄԻԱՎ-ով ապրողներին տրամադրվող փողերը կառավարում է նախարարի ընտանիքը»

ՄԻԱՎ֊ով ապրող մարդկանց խնամքի համար միջազգային հիմնադրամից հատկացվող գումարները տնօրինում է Առողջապահության նախարարի ընտանիքը, պնդում է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը։

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության դրամաշնորհի համար անցկացված մրցույթը կազմակերպվել է իրավական դաշտի սահմաններում՝ մրցութային կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան: Այս մասին հայտարարություն է տարածել Միջացառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) Վերահսկող մարմինը, ում հանձնարարված էր ուսումնասիրել «Միշն Իսթ» կազմակերպության կողմից անցկացված դրամաշնորհային մրցույթի փաստաթղթերը:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության համար միջազգային «Գլոբալ» հիմնադրամի կողմից հատկացվող քառորդ միլիոն դոլարի համար անցկացված մրցույթի արդյունքները վիճարկում էր մրցույթի մասնակից երկու ՀԿ֊ներից մեկը՝ «Իրական մարդիկ, իրական աշխարհ»֊ը, որի ներկայացուցիչը նշել էր՝ մրցութային հանձնաժողովի անդամները կողմնակալ են եղել և չեն ունեցել ծրագրերի գնահատման համար բավարար մասնագիտական պատրաստվածություն: Մանրամասները՝ այստեղ։

ՄՀՀ նախկին անդամ Մամիկոն Հովսեփյանը, իր հերթին, համաձայն չէ հանձնաժողովի գնահատականի հետ։

«Նրանց միակ խանգարողը վերահսկող մարմնի անդամ Արմեն Աղաջանովն էր և վերջին պահին նրան հանեցին կազմից: Հանելուց հետո էլ՝ արագ որոշում կայացրին: Այս առումով խումբը [վերահսկող մարմինը] շատ կասկածելի աշխատեց: Աղաջանովի հետ կապված ասում էին՝ իբր նա շահերի բախում ունի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության հետ: Սակայն Աղաջանովը նրանց շատ լավ բացատրել էր, որ ինքը, լինելով ՄԻԱՎ֊ով ապրող մարդկանց հանրույթի ներկայացուցիչ, շահերի բախում ունի բոլորի հետ, այն է՝ ինքը շահ ունի ՁԻԱՀ կենտրոնի, առողջապահության նախարարության բոլոր անդամներից», – ասել է Հովսեփյանը:

Նա ընդգծել է, որ հաղթած ՀԿ-ն՝ «Դրական մարդկանց հայակական ցանց»-ը, պարտավորվել է առավել քիչ գումարով առավել մեծ թվով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցել: Սակայն, ըստ Հովսեփյանի, դա իրատեսական չէ, միայն ձևական թվերը չեն կարևոր:

«Ամբողջ գումարը, որը «Գլոբալ» ֆոնդից մտնում է Հայաստան, տնօրինում է մի ընտանիք՝ Առողջապահության նախարարն (Արմեն Մուրադյան) ու իր կինը (Ելենա Ամիրխանյան): Դե, գումարի մի մասը գալիս է Առողջապահության նախարարություն, իսկ մյուս մասը՝ գալիս է «Առաքելություն արևելք»: Իսկ այնտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման կոմպոնենտը ղեկավարում է Առողջապահության նախարարի կինը: Երբ շահերի բախումից են խոսում, ինչո՞ւ չեն խոսում, որ նախարարի կինը տարիներ շարունակ կառավարում է հասարակական հատվածի ծրագրերը: Դա շահերի լուրջ բախում է, և ամբողջ փողը մի ընտանիք է կառավարում: «Գլոբալ» ֆոնդից ստացվող փողը անհուսալի ձեռքերում է, ու նախարարն ու կինն են որոշում՝ ում տան փողը: Իսկ այդ հանձնաժողովները ձևական են ստեղծում» ,- ասել է Հովսեփյանը: