Home / Հայաստան / Զինվորը պնդում է՝ դիտավորյալ չի սպանել ծառայակցին․ «ՀԺ»

Զինվորը պնդում է՝ դիտավորյալ չի սպանել ծառայակցին․ «ՀԺ»

Արցախում մարտի 17֊ին մահացած 19֊ամյա զինծառայող Հովհաննես Հարությունյանի սպանության մեջ մեղադրվում է նրա ծառայակից, Երևանի 19֊ամյա բնակիչ Միքայել Զաքարյանը։ Զինծառայողը, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքն ու իր ցուցմունքում նշել է, որ Հարությունյանիհետ մոտ ընկերներ էին, և տեղի ունեցածը սպանություն չէ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի հետ զրույցում Զաքարյանի պաշտպան Էրիկ Բեգլարյանը նույնպես պնդել է, որ «ընդհանրապես սպանության մասին խոսք լինել չի կարող»։

«Ծիծաղելով սպանո՞ւմ են, դա հավատալո՞ւ բան է։ Հովհաննեսն ու Միքայելը մոտ ընկերներ են։ Դեպքի վայրում մարդ է եղել և տեսել է, որ ծիծաղելով իրարից զենք էին քաշքշում, ու այդ պահին կրակոց է արձակվում», – ասել է պաշտպանը՝ հավելելով, որ գործում սպանության շարժառիթ չկա, և անհասկանալի է, թե քննիչն ինչի հիման վրա է հանգել նման եզրակացության։

Բեգլարյանը դիմում֊բողոք է ներկայացրել դատախազին՝ պնդելով, որ իր պաշտպանյալն իր կատարած արարքի համար չի մեղադրվում, այլ «մեղադրվում է աբսուրդ հոդվածի համար, այն էլ՝ առանձնապես ծանր, որ նախատեսում է ազատազրկում՝ մինչև ցմահ»։ Փաստաբանը միջնորդել է, որպեսզի մեղադրանքը փոխվի զենքի օգտագործման կանոնները խախտելու հոդվածով, որը նախատեսում է 3֊7 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք՝ ՀՀ Քննչական կոմիտեի մարտի 22-ին տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ Հարությունյանի՝ գլխի հատվածում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը պարզել է, թե մարտական դիրքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով կոչումով շարքային զինծառայողը Հարությունյանի վրա դիմահար կրակոց է արձակել։ Զինվորին, որի անունը իրավապահները չէին նշել, մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։