Home / Տեսանյութեր / Կալանավորն «ինքնասպան» եղավ ազատվելուց 2 օր առաջ

Կալանավորն «ինքնասպան» եղավ ազատվելուց 2 օր առաջ

«Նուբարաշեն» ՔՀԿ-ի լոգարանում մարտի 1-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Մխիթար Սարգսյանը երկու օրից ազատվելու էր բանտից: Մահացածը նախկին քաղբանտարկյալ, ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խցակիցներից մեկն էր: Ինժեները բանտից դուրս գալուց հետո ասել էր, որ Մխիթար Սարգսյանին սպանել են։

Epress.am-ի հետ զրույցում հանգուցյալի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը, պնդել է, որ ամուսինը ոչ մի կապ չի ունեցել Գասպարիին խցում խոշտանգելու հետ, և իրականում ամուսնուն սպանել են, քանի որ «իր վրա չի վերցրել» Գասպարիին ծեծելու մեղքը:

«Ինքը պատճառ չուներ իրեն կախելու: Մինչև հիմա էլ չեմ հավատում: Ասել են, երևի, ասա, որ դու ես ծեծել Գասպարիին: Ինձ հետ խոսելիս ասում էր՝ մի բանը, որը ես չեմ արել, չեմ վերցնի ինձ վրա: Ու իր չարած բանը իր վրա վերցնելու համար հոգեբանական ճնշում են գործադրել նրա վրա, խփել են երևի: Մի շաբաթով բանտում հայտնվածը ինքնասպանություն չէր գործի», – ասել է կինը:

Կինը պատմել է, որ ամուսինը դատապարտվել էր 3 ամսվա ազատազրկման բակային վեճի ժամանակ «մի երկու ապտակ տալու պատճառով»։ 2 ամիսն անցկացրել էր բանտում, երբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք էին ընտրել նախաքննության ընթացքում։ Ապա կալանքը չէին երկարաձգել, նա 1.5 ամիս ազատության մեջ էր անցկացրել։ Դատարանը վճռել էր 3 ամսվա ազատազրկման դատապարտել նրան, սակայն, հաշվի անռնելով 2 անչափահաս երեխայի առկայությունը և այն, որ ինքը տան միակ աշխատողն էր, վերջին մի ամիսը կրճատել էր՝ դարձնելով մեկ շաբաթ, ու Սարգսյանին վերադարձրել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ պատիժը կրելու։

Սաթենիկ Հովսեփյանն ասել է նաև, որ դեպքից մի քանի ժամ առաջ ինքը խոսել էր ամուսնու հետ․ «Շատ լավ էր տրամադրությունը, հարցրեց՝ հաց կերե՞լ են երեխեքը, հետո ասաց՝ լավ նայեք ձեզ, մինչև գամ: Հետո ասում են, որ ինքը երեկոյան մտել է լոգարան լողանալու, և իրեն գտել են կախված: Ես չեմ հավատում»:

Կնոջ հետ զրույցում Սարգսյանը պատմել էր, որ իրեն ամեն օր տանում են հարցաքննության՝ «Գասպարիի գործի հետ կապված»:

«Ասում էր՝ ահավոր է, ամեն օր տանում են հարցաքննության՝ թե, եթե դու Գասպարիին ծեծել ես, քեզ հոդված է հասնում: Ինքն էլ ասում էր՝ ես Գասպարիին չեմ կպել: Ասում էր՝ մի երկու օր է մնացել, որ դուրս գամ, կարող է ուզում են սռոկս երկարացնեն», – պատմել է կինը:

Նրա վկայությամբ՝ ամուսինը խցակիցների հետ լավ հարաբերություններ է ունեցել․ «Ասում էր՝ վատ տղերք չեն, նորմալ ա: Պատմել էր, որ էնտեղ մի մարդ [նկատի ունի Վարդգես Գասպարիին-խմբ.] կա, որ հացադուլ ա անում, ասում էր՝ ինտերնետով տեսած մարդն ա: Ես էլ իրան հարցրի, թե բա տենց լինու՞մ ա, որ մարդը հաց չի ուտում։ Դե ասաց՝ հա, որ նեղվում են, լինում ա, որ հաց չեն ուտում: Դեպքից հետո խոսել ենք խցակիցների հետ, ասում էին՝ Մխիթարը հավեսով ասող-խոսացող տղա էր: Զարմանում էին՝ ինչ էին ուզում էդ տղուց։ Ասենք, մի քանի օրով էր բանտ գնացել, անգամ ասում էր, որ մի տարի էլ տան, կնստեմ: Ինքը մինչև էդ աշխատում էր, ու նույնիսկ ասում էի, դե լավ, հաշվենք էդ մի 10 օրն էլ բերդում կհանգստանաս»:

Սարգսյանի ընտանիքը միջոցներ չունի, 500 հազար դրամ վարկ են վերցրել նրա թաղումը կազկերպելու համար: «Գործը» փակվել-գնացել է, սակայն Հովսեփյանը պնդում է՝ ինքը պայաքարելու է «մինչև վերջ»․ «Երկուշաբթի ես իմ ամուսնուն առողջ տվել եմ պետությանը, մի շաբաթ հետո՝ երկուշաբթի օրը, իմ ամուսնու դիակն են տվել: Մինչև դատարան հասնելու եմ: Նենց չի, որ մարդ էր, մեռավ ու գնաց: Երկու անչափահաս երեխա ու մի հիվանդ մայր նրա ուսերին էր, նրա ձեռին էր նայում»: